նորություններ 26 Հունիսի, 2025 • Հայաստանում երկու ամսով կալանավորվել է Բագրատ արք․ Գալստանյանը

Հայաստանի դատարանը որոշել է բավարարել Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին:

Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու են:

Իրավապահները Հայաստանի Տավուշի թեմի նախկին առաջնորդին մեղադրում են ահաբեկչության և իշխանության յուրացման հոդվածներով:

Անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից տարածած ձայնագրություններին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասել է.

«Ինչ-որ ձայնագրությունների ինչ-որ հատվածներ վերցվել կտրվել են, հենց հրապարակված ձայնագրությունների մեջ ակնհայտ երևում է, որ խոսքը իրավաչափ գործողության մասին է: Ձայնագրություններից մեկն ուղղակիորեն ասում է հետևյալը՝ «մի երկու օր է տևելու, ավարտվելու է իմփիչմենթով»: Եթե խոսքը գնում է իմփիչմենթի մասին, ապա խոսք չի կարող գնալ ոչ իրավաչափ կամ Սահմանադրությամբ չնախատեսված որևէ կարգով իշխանություն յուրացնելու մասին: Ընդ որում՝ պարզ չի՝ ինչքանն է ճիշտ, ինչքանը՝ մոնտաժված, ինչը՝ կոնտեքստից կտրված: Ակնհայտ ձայնագրություններ կան, որ կեսը սկսում է մի օր, ավարտվում է հաջորդ օրը»:

Քննչական կոմիտեն պնդում է, թե Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքարի» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Այդ գործով ևս 15 մեղադրյալ կա:

Գլխավոր լուսանկարը արխիվային է

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝