Հունիսի 24-ին և 25-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված ուժեղ ցրտահարության հետևանքով լուրջ վնաս են կրել կարտոֆիլի ցանքատարածությունները։ Կարտոֆիլը գտնվում է ակտիվ աճի փուլում, ինչի պատճառով սառնամանիքը զգալի ազդեցություն է թողել բույսերի վրա։ Կարտոֆիլի տերևները սևացել են, կախվել, իսկ որոշ հատվածներում ամբողջությամբ ոչնչացել է բույսի վերգետնյա հատվածը՝ ցողունն ու տերևը։
Վնասի ծավալը մեծ է հատկապես Դիլիսկա, Չամդուրա, Կիրովական, Վաչիան, Դադեշ, Սուլդա, Կուլիկամ և Խանդո գյուղերում։ Ջերմաստիճանի կտրուկ անկումը անդրադարձել է կարտոֆիլի վերգետնյա հատվածի վրա՝ հանգեցնելով լայնածավալ վնասների։
Սուլդա գյուղի ֆերմեր Ֆելիքս Սեյրանյանը տեղի ունեցածը որակում է «աղետալի»։
«Վնասը հսկայական է։ Տասնյակ հեկտար կարտոֆիլի դաշտեր ամբողջությամբ մարել են։ Այս պահին դեռ հնարավոր չէ գնահատել վնասի ճշգրիտ ծավալը, քանի որ սպասում ենք բույսերի հետագա արձագանքին, բայց արդեն պարզ է, որ վնասը խորքային է և կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ բերքի վրա», — ասում է Սեյրանյանը։
Ախալքալաքի քաղաքապետարանում Սուլդա գյուղի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանը ևս փաստում է իրավիճակի լրջությունը։
«Սուլդայում գյուղատնտեսական դաշտերի մոտ 80 տոկոսը ենթարկվել է ցրտահարության։ Կարտոֆիլի մշակության հիմնական հատվածը վնասվել է, ինչը լուրջ հարված է թե՛ բերքի սպասվող քանակին, և թե՛ գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակին», — նշում է։
Այնուամենայնիվ, կան նաև հուսադրող կարծիքներ։ Գյուղատնտես Մկրտիչ Մովսիսյանի խոսքով՝ հնարավոր է բերքի վերականգնում պատշաճ խնամքի դեպքում։
«Ինձ ուղարկվել են կարտոֆիլի դաշտերի լուսանկարներ, ես էլ անձամբ տեսել եմ, և կարող եմ վստահ ասել՝ լուրջ չափի վնասներ չկան։ Ցրտահարությունից հետո երեք օր խորհուրդ չի տրվում մտնել դաշտ։ Դրանից հետո թունաքիմիկատների օգնությամբ հնարավոր է վերականգնել բույսերը», – նշում է։
Նրա խոսքով՝ ամենակարևոր գործոնը մոտակա օրերին եղանակային պայմաններն են։
«Եթե անձրևներ չլինեն, իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ։ Այդ դեպքում անհրաժեշտ է իրականացնել ոռոգում՝ յուրաքանչյուր հեկտարին 150-200 տոննա ջուր է հարկավոր», – ընդգծում է Մովսիսյանը։