նորություններ 26 Հունիսի, 2025 • Որքա՞ն է Ախալքալաքի բնակչության թվաքանակը. Մարդահամարի նախնական արդյունքները

Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Վրաստանի բնակչության թիվը կազմել է 3 914 000 մարդ, որից 2 078 000-ը (53%) կանայք են, իսկ 1,836 հազարը (47%)՝ տղամարդիկ։ Այս մասին ասվում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության («Վրացստատ») կողմից անցկացված բնակչության մարդահամարի նախնական արդյունքներում։

Ստացված տվյալների համաձայն՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակվում է 43 700 մարդ, որից 8 400-ը՝ քաղաքում, իսկ 35 300-ը՝ գյուղերում։ Նշենք, որ 2014 թվականի տվյալների համաձայն՝ մունիցիպալիտետի բնակչությունը կազմել է 45 070 մարդ, որից 8 295-ը՝ քաղաքում, իսկ 36 775-ը՝ գյուղերում։

Ըստ «Վրացստատի» տվյալների՝ կանանց համամասնությունը համեմատաբար ավելի բարձր է Թբիլիսիում (56%) և Քութայիսում (55%), մինչդեռ այն ավելի ցածր է Մցխեթայի (49%), Խարագաուլիի (49%) և Սագարեջոյի (49%) մունիցիպալիտետներում։

Վրաստանի 2024 թվականի բնակչության և գյուղատնտեսության մարդահամարն անցկացվել է 2024 թվականի նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 31-ը և ընդգրկել է երկրի ամբողջ տարածքը, բացառությամբ օկուպացված շրջանների։ Միջազգային մեթոդաբանության համաձայն՝ մարդահամարի ենթակա եղել են երկրում մշտապես բնակվող Վրաստանի բոլոր քաղաքացիները, ինչպես նաև երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։

Մարդահամարի արդյունքների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ քաղաքային բնակավայրերում բնակվում է 2 423 000 մարդ (62%), իսկ գյուղական բնակավայրերում՝ 1 491 000 մարդ (38%)։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝