նորություններ 25 Հունիսի, 2025 • Կարտոֆիլի սեզոնը սկսվում է. պատրաստ  են արդյոք ֆերմերները  կարկտահարությանը և ջրհեղեղներին

Ախալքալաքի մունիցիպալիտետում, կարտոֆիլի մշակման ակտիվ սեզոնը սկսվում է հուլիսի սկզբին։ Այս ընթացքում ֆերմերները վարում են հողը, դաշտերը մշակում մոլախոտերի և վնասատուների, այդ թվում՝ կարտոֆիլի Կոլորադյան բզեզի դեմ պատրաստուկներով։ Սակայն բերքատվության վրա մեծ ազդեցություն ունեն եղանակային պայմանները, շրջանում հաճախակի տեղացող ուժեղ անձրևներն ու կարկուտը վնաս են հասցնում բերքին։ Գյուղատնտեսական մշակաբույսերը ապահովագրելու համար, գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի շրջանակներում, պետությունը սուբսիդավորում է ֆերմերներին, սակայն այս ծրագիրը Ախալքալաքում մեծ ժողովրդականություն չի վայելում։

2014 թվականից Վրաստանում գործում է գյուղատնտեսական ապահովագրության սուբսիդավորման պետական ծրագիր։ Պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական մշակաբույսերի ապահովագրությունը հնարավոր վնասներից։ Ամեն տարի ծրագիրն իրականացվում է տարբեր ապահովագրական ընկերությունների կողմից, տարբեր տարիների այդպիսիք եղել են 5-ից 8-ը։ Այս տարի շուկայի այս ոլորտում աշխատում են երեք ընկերություն՝ «Ալդագի»-ի, «Նյու Վիժն ապահովագրություն»-ը և «TBC ապահովագրություն»-ը։

Գյուղատնտեսական ապահովագրությունը միշտ էլ Ախալքալաքի մունիցիպալիտետում ժողովրդականություն չի վայելել։ Ֆերմերները տարբեր պատճառներ են նշում. ոմանք նշում են ընկերությունների նկատմամբ անվստահությունը, մյուսները՝ ներկայացուցիչների ոչ օպերատիվ աշխատանքը, որոշներին դուր չի գալիս ապահովագրության պայմանները, իսկ ոմանք պարզապես չեն կարողանում ապահովագրել իրենց հողերը, քանի որ այն հնարավոր է միայն այն դեպքում, եթե հողամասը ունի պետական գրանցում։

Ապահովագրական ընկերություններն էլ իրենց հերթին, շատ ակտիվ չեն Ախալքալաքի մունիցիպալիտետում և տեղեկատվական քարոզարշավ չեն անցկացնում։ Ոչ բոլոր ընկերություններն ունեն իրենց ներկայացուցիչներն Ախալքալաքում, ինչն էլ իր հերթին ազդում է ապահովագրելու դժկամության վրա։ 2015 թվականից Ախալքալաքի մունիցիպալիտետում գրասենյակ ունի միայն «Ալդագի» ընկերությունը։

2022 թվականից Ախալքալաքում գործում է նաև «Նյու Վիժն ապահովագրություն» ապահովագրական ընկերությունը։ Այս տարի ընկերությունը դեռ գրասենյակ չունի, բայց Ախալքալաքում ընկերության ներկայացուցիչ Վելիխան Աղաջանյանի խոսքով, նրանք նախատեսում են այն բացել։

«Մենք այս տարի նոր ենք սկսում աշխատել։ Մեր մասին գիտեն, աշխատել են մեզ հետ, զանգահարում են և գալիս են պայմանագիր ձևակերպելու։ Ընկերությունն այս տարի ոչ մի ապահովագրական պոլիս դեռ չի կնքել, միայն ես եմ ապահովագրել իմ բոլոր հողերը», — ասաց Ախալքալաքում «Նյու Վիժն ապահովագրություն» ընկերության ներկայացուցիչը։

Ուրիշ ընկերություններ Ախալքալաքում գրասենյակ չեն բացել, սակայն եղել են դեպքեր, երբ ընկերության ներկայացուցիչը եկել է Ախալցիխեից և աշխատել մունիցիպալիտետի ֆերմերների հետ։

Ֆերմեր Ենոք Բաբաջանյանը հինգ տարի առաջ ապահովագրել էր իր բերքը, սակայն այլևս չի ապահովագրում՝ ձեռնտու չէ։

« Գումարը ստանալիս միշտ խնդիր է լինում։ Զանգահարում ես, ասում, որ կարկուտը վնասել է դաշտերը, 15-20 օրից նոր գալիս են, հետո 50%-ի փոխարեն գրում են 10%։ Գնում գալիս ես այստեղ-այնտեղ, ու արդյունքը հիասթափեցնում է։ Ապահովագրության համար վճարելու փոխարեն, կհավաքենք գումարը, և, եթե կարկուտը վնասի դաշտերին, ապա այդ գումարով պարարտանյութ կգնենք։ Օրենքը լավն է, պետությունը 70%-ը վճարում է, բայց այն չի գործում։ Եթե գոնե գարնանային ցրտահարություններից ապահովագրություն լիներ, էլի կարելի էր», — ասում է ֆերմեր Ենոք Բաբաջանյանը։

Դիլիսկա գյուղից ֆերմեր Վարազդատ Սալվարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ապահովագրել է Պետական ռեգիստրում գրանցված հողամասերը։ Նա հաստատեց այն կարծիքը, որ մարդկանց մեծ մասը չի ապահովագրում իր դաշտերը, քանի որ չի վստահում ընկերություններին։

«Ես այս տարի ապահովագրել եմ և դա անում եմ արդեն երեք տարի անընդմեջ, գոհ եմ։ Ես ապահովագրում եմ այն հողերը, որոնք արդեն գրանցված են Պետական ռեգիստրում։ Անցյալ տարի կարկուտը վնասել էր իմ հացահատկային մշակաբույսերը, ես փոխհատուցումը ստացա, գոհ եմ», — ասում է Վարազդատ Սալվարյանը։

Բերքի ապահովագրությունը պետական ծրագիր է։ Ապահովագրական գումարի 70%-ը վճարում է պետությունը, իսկ 30%-ը՝ հողի սեփականատերը։ Ախալքալաքի մունիցիպալիտետում բոլոր ապահովագրական ընկերությունները բերքն ապահովագրում են՝ կարկուտից, ջրհեղեղներից, աշնանային ցրտահարություններից և փոթորիկներից։

Կարտոֆիլի 1 հա դաշտի համար ապահովագրության ընդհանուր գումարը կազմում է 1275 լարի, որից՝

ֆերմերը վճարում է 382.50 լարի,

պետությունը՝ 892.50 լարի։

Ապահովագրական չափորոշիչների համաձայն, 100% վնասի դեպքում, կարտոֆիլի դաշտի 1 հա-ի համար, գյուղացին կարող է ստանալ մինչև 15 հազ. լարի փոխհատուցում։ Այս գումարը հաշվարկվում է 1 կգ կարտոֆիլը 60 թեթրի արժողությամբ, 25 հազ. կգ/հա բերքատվության դեպքում։

Ապահովագրական ընկերությունները չեն բացահայտում իրենց շահառուների թիվը, ուստի մենք տվյալներ չունենք մունիցիպալիտետում ապահովագրական պոլիսների քանակի վերաբերյալ, սակայն մեր դիտարկումների համաձայն, ապահովագրությունը, Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերների շրջանում, շարունակում է ժողովրդականություն չվայելել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝