նորություններ 25 Հունիսի, 2025 • Ցրտահարություն Ախալքալաքի գյուղերում

Հունիսի 24-ի գիշերը Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք գյուղերի ֆերմերներ գրանցել են, որ ցածր ջերմաստիճանի պատճառով կարտոֆիլի տերևուքը չորացել է։ Նրանց խոսքով, որոշ տեղերում ջերմաստիճանը հասել է մինչև -1 աստիճան Ցելսիուսի։

Առկա տեղեկությունների համաձայն, ցրտահարությունից տուժել են Դիլիսկա, Չամդուրա, Կիրովական, Վաչիան, Դադեշ և Սուլդա գյուղերի դաշտերը։ Կարտոֆիլի վերգետնյա հատվածը (ցողուններն ու տերևները) վնասվել են ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով։

«Կարտոֆիլի ցողունները չորացել են, հիմա մենք պետք է դրանք մշակենք դեղամիջոցներով և վիտամիններով։ Դաշտերը 30-40%-ով տուժել են։ Բուժումը կարող է օգնել, բայց, ամենայն հավանականությամբ, կազդի բերքի վրա», — ասաց Դիլիսկա գյուղի ֆերմեր Վարազդատ Սալվարյանը։

Դադեշում վնասվել են մոտ 20 հեկտար կարտոֆիլի դաշտեր, որոնք գտնվում են ցածրադիր վայրում։

«Տուժած դաշտերը ցածրադիր վայրերում գտնվող դաշտերն են եղել։ Առավոտյան ժամը 5-ին այդ դաշտերի վրա ցրտահարություն էր նստել», — բացատրում է Էդգար Թումասյանը։

Մենք նաև կապ հաստատեցինք Ախալքալաքի մունիցիպալիտետի հյուսիսային գյուղերի բնակիչների հետ, որտեղ, նրանց խոսքով, այդ գիշեր ցրտահարություն չի եղել։

Ցրտահարությունը կարող է բացասաբար անդրադառնալ կարտոֆիլի բերքի վրա, հատկապես, եթե այն տեղի է ունենում ծլելուն հաջորդող փուլում։ Ցրտահարության ջերմաստիճանից և տևողությունից կախված, կարող են տուժել ինչպես բույսի վերգետնյա մասը (տերևներ և ցողուններ), այնպես էլ պալարները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝