Մարիամ Քվրիվիշվիլին կզբաղեցնի Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մարիամ Քվրիվիշվիլին կզբաղեցնի Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը։ Դուք բոլորդ ճանաչում եք նրան, ուստի նա հատուկ ներկայացման կարիք չունի։ Ինչպես գիտեք, Մարիամ Քվրիվիշվիլին իշխող կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, և մինչ այժմ նա զբաղեցրել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը, որտեղ մեծ հաջողությամբ ղեկավարել է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբոսաշրջությունը և ավիացիան։ Այսօր նրա գործունեության շրջանակն ընդլայնվում է, և ես վստահ եմ, որ նա նախարարի պաշտոնում նույնքան հաջողակ կլինի, որքան համապատասխան ոլորտները ղեկավարելիս։ Ես կցանկանայի Մարիամ Քվրիվիշվիլիին հաջողություն մաղթել նախարարի պաշտոնում», – ասել է Իրակլի Կոբախիձեն։
Մարիամ Քվրիվիշվիլին իշխող կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, 2019-2020 թվականներին եղել է Ազգային զբոսաշրջության վարչության ղեկավար, իսկ 2021 թվականի մայիսի 24-ից զբաղեցնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Լևան Դավիթաշվիլին հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից և կզբաղեցնի վարչապետի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականի, ինչպես նաև տնտեսական խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Լևան Դավիթաշվիլին էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի փետրվարի 9-ից, իսկ 2021 թվականի հուլիսի 12-ից՝ նաև Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը։