Այս օրերին Վրաստանի մայրաքաղաքում անցկացվող Global Tech Weekend Tbilisi միջոցառման շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի հայ և վրացի մասնագետները համատեղ գործակցության ուղիներ են փնտրում։
Վրաստանի ամենամեծ միջազգային տեխնոլոգիական միջոցառմանը Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) պատվիրակությունը անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ Թբիլիսիում ներկայացնում է հայկական տեխնոլոգիական միջավայրը, վերջին հաջողություններն ու համագործակցության հնարավորությունները։
Վրաստանում և Հայաստանում վստահ են՝ հարևան երկրները տեխնոլոգիական մեծ ներուժ են ներկայացնում, որը համատեղ իրացնելով` համաշխարհային շուկայում ուրույն տեղ կարող են զբաղեցնել։
ԱՏՁՄ-ի փոխտնօրեն Էդիտա Ղազարյանն ասել է, որ հայ-վրացական տեխնոլոգիական ոլորտում չբացահայտված մեծ պոտենցիալ կա․
«Մենք ԱՄՏՁ-ում հավատում ենք, որ տարածաշրջանային հաբ ստեղծելու գաղափարն իրական է։ Հայաստանն ու Վրաստանը փոքր երկրներ են, մենք համարում ենք, որ կարևոր է համախմբել ուժերը՝ աշխարհին ներկայանալու համար էլ ավելի մրցունակ ու ուժեղ։ Կարող ենք միջսահմանային միջոցառումներ իրականացնել, կառուցել համատեղ «Թեք ենթակառուցվածքներ»։ Մեծ նպատակներով ենք այստեղ․ հավատում ենք, որ կարող ենք հայ -վրացական տեխնոլոգիական համագործակցությունը խթանել, ինչը մեծ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա»։
ԱՏՁՄ-ի փոխտնօրենը նշել է Էստոնիայի և Ֆինլանդիայի հաջողված փորձը. համատեղ իրականացված թվային X-Road համակարգը տվյալների միջսահմանային փոխանակում է ապահովում՝ հեշտացնելով երկու երկրների քաղաքացիների կյանքը։
«Կարծում եմ՝ նմանատիպ շատ ավելի մեծ նախագծեր կարող ենք հեղինակել Վրաստանի հետ։ Հայաստանում և Վրաստանում հարկային տարբեր առանձնահատկություններ և առավելություններ են գործում։ Այդ առումով մենք չպիտի մրցակցենք, այլ պետք է իրար լրացնենք․ և՛ հայկական, և՛ վրացական կողմում այդ գիտակցումը բարձր է»։
Վրաստանի ինովացիոն և տեխնոլոգիական գործակալության (GITA) փոխնախագահ Թոռնիկե Ջոբավան նշել է, որ երկու երկրների միջև այսօր առկա բարեկամական ջերմ հարաբերությունները պետք է արտացոլվեն նաև տեխնոլոգիական համակարգում․
«Մենք այսօր դնում ենք այդ համագործակցության սկիզբը, որը մեզ հնարավորություն կտա միասին աշխատելու համաշխարհային հզորների կողքին։ Վրաստանում այսօր IT ոլորտի մի շարք կարևորագույն օրենքներ կան, մշակվում է ևս մեկը։ Վստահորեն կարող եմ ասել, որ դրանց շնորհիվ հայկական և վրացական ստարտափները կշահեն»։
Երկու հարևաններն այսօր հնարավորություն ունեն համագործակցելու տարբեր ուղղություններով, այդ թվում` թվային գյուղատնտեսության ոլորտում։ Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Վարդան Ուռուտյանը նշել է՝ նպատակը գյուղատնտեսությունն առավել արտադրողական, արդյունավետ, քիչ ծախսատար ու շահութաբար դարձնելն է․
«Այժմ աշխատում ենք մի մոդելի գործարկման վրա, որը կբարձրացնի ցորենի բերքատվությունը, որը թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության միջոցով վեր է հանում այն տարածքները, որոնք ավելի նպատակահարմար են ցորենի մշակության համար։ Ընկերության գլխամասը և հիշյալ փորձարկումները Շիրակում են, որը սահմանակցում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանին։ Սամցխե-Ջավախեթին ևս գյուղատնտեսության մեծ ներուժ ունի։ Մենք հույս ունենք միասին փորձարկելու մեր նորարարական գաղափարները՝ խթանելու նպատակով Շիրակի և Սամցխե-Ջավախեթիի գյուղատնտեսության ոլորտը»։
«Ագրոթեք»-ն առաջնահերթություն է նաև Վրաստանի համար։ Ուռուտյանի կարծիքով՝ Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանային հարթակ պետք է հանդիսանան իրենց լուծումներն ավելի մեծ, գլոբալ շուկաներին ներկայացնելու հարցում․ «Մենք համագործակցության ուղիներ ենք փնտրում․ ագրոստարտափները կարող են համաշխարհային շուկա դուրս գալ համագործակցությամբ»։
Տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենադինամիկ աճող ոլորտն է, համարվում է երկրի ապագան։
Հայկական պատվիրակությունը վրաց գործընկերներին կոչ է անում դիտարկել Հայաստանը գործընկեր երկիր, որը կարող է օգնել մուտք գործել աշխարհի առաջատար շուկա տարածաշրջանում եզակի՝ Սիլիկոնյան հովտի հետ կապի և հայկական սփյուռքի շնորհիվ։
Հայկական IT ոլորտի ավելի քան 70 տոկոսը ներկայացնող ԱՏՄՁ-ն հաջորդիվ Երևանում է սպասում վրացական ընկերություններին՝ մասնակցելու տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառում դարձած DigiTec 2025 ցուցահանդեսին։
Նյութի աղբյուրն է aliq.ge