Կորխ և Թոթխամ գյուղերում կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Տարիներ շարունակ բնակիչները սպասել էին այս կարևոր փոփոխությանը, և այժմ շինարարական աշխատանքներն ընթանում են ինտենսիվ։
Գյուղի բնակիչների խոսքերով՝ նոր ճանապարհը էապես կբարելավի ինչպես երթևեկությունը, այնպես էլ գյուղի առօրյան։
«Ավելի քան 20 տարի աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում որպես ճանապարհաշինարար, բայց այսպիսի որակյալ ասֆալտ միայն այստեղ եմ տեսել։ Սա հպարտանալու արժանի գործ է», – ասում է Կորխ գյուղի բնակիչ Գրիգոր Բասենցյանը։
Նրա կարծիքը կիսում են նաև այլ գյուղացիներ։ Բնակիչ Արթուր Օրջացյանը վստահ է, որ նոր ճանապարհը լուծում կտա տարիներ շարունակ շարունակվող խնդիրներին։
«Ես՝ որպես գյուղի բնակիչ, հետևել եմ աշխատանքներին։ Աշխատողները գործին լուրջ էին վերաբերվում։ Ասֆալտապատման շնորհիվ մեքենաները չեն վնասվի, դեպի Ախալքալաք ճանապարհը շատ ավելի արագ կհաղթահարվի, իսկ փոշու խնդիրը, որն անհանգստացնում էր ճանապարհամերձ տների բնակիչներին, կվերանա», – նշում է նա։
Ավելի վաղ այս ճանապարհը բազմիցս հարթեցվել էր, սակայն դրանք եղել են ժամանակավոր լուծումներ։ Ներկայիս ասֆալտապատումը, ըստ բնակիչների, նախատեսված է առնվազն 10 տարի ծառայելու՝ առանց վերանորոգման անհրաժեշտության։
Բնակիչները շնորհակալություն են հայտնում Ախալքալաքի քաղաքապետին, որ վերջապես ասֆալտապատ ճանապարհ ունեցան։
«Անցյալ տարի՝ գյուղի մուտքի բացման ժամանակ, մենք դիմեցինք պարոն Մակարյանին՝ խնդրելով աջակցել նաև ճանապարհի հարցում։ Նա խոստացավ, և այսօր այդ խոստումը կյանքի է կոչվել», – ընդգծում է Օրջացյանը։
Ինչպես «Jnews»-ի հետ հեռախոսազրույցում նշեց Կորխ գյուղի մասնագետ Գառնիկ Ղանդիլյանը, գյուղում փոշին այլևս անցյալում է։
«Պատասխանատու մարմինները կատարեցին իրենց տված խոստումները․ ճանապարհի վերակառուցումն իրականացվում է սահմանված չափորոշիչներին համապատասխան։ Ես 34 տարի աշխատել եմ Ռուսաստանում՝ որպես ասֆալտի ոլորտի պատասխանատու մասնագետ, և կարող եմ վստահ ասել, որ այստեղ ևս աշխատանքներն իրականացվում են բարձր մակարդակով»,- ասաց նա։
Ղանդիլյանը նաև նշեց, որ նախկինում տարեկան իր մեքենայի վրա ստիպված էր ծախսել 1000 լարիից ավելի գումար ճանապարհի վատ վիճակի պատճառով, սակայն ասֆալտապատումից հետո նման խնդիր այլևս չի լինի։
Նշենք, որ ճանապարհի շինարարության համար հայտարարված մրցույթը հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 3,871,244 լարի։ Այս գումարի մեջ մտնում է նաև Մաջադիա գյուղի ճանապարհի կառուցումը։