Հունիսին մի շարք գործատուներ, այդ թվում՝ Ախալքալաքից, տուգանային արձանագրություններ են ստացել։ 2025 թվականի մայիսից Վրաստանում ուժի մեջ է մտել կենսաթոշակային մուծումների վճարման կարգը խախտելու համար տուգանքներ գանձելու նոր պրակտիկա։ Նույնիսկ չնչին՝ մի քանի լարիի չափով պարտքերի համար ընկերությունների նկատմամբ կարող է կիրառվել 500 լարիի չափով ֆիքսված տուգանք։
Վրաստանի վերջերս փոփոխված օրենսդրության համաձայն՝ կենսաթոշակային մուծումների վճարման կարգը խախտելու համար գործատուն օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում։ Այս ոլորտի իրավական կարգավորումն իրականացվում է օրենքների և հրամանների հիման վրա։
2025 թվականի մայիսին արձակվել են հրամաններ, ըստ որոնց գործարկվել են կենսաթոշակային մուծումների կանոնների և նորմերի խախտման համար պատասխանատվության կանչելու վերաբերյալ կետեր և հոդվածներ։ Այսպիսով, Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամի և Վրաստանի եկամուտների ծառայության համատեղ 2025 թվականի մայիսի 8-ի № 06/01 հրամանով հաստատվել են «Կենսաթոշակային մուծումների իրականացման ապահովման կանոնները», ինչպես նաև Կենսաթոշակային հիմնադրամի գլխավոր տնօրենի 2025 թվականի մայիսի 7-ի № 3 հրամանով հաստատված «Կենսաթոշակային մուծումների վճարման պարտավորությունների խախտումները հայտնաբերելու, գերվճարված գումարները վերադարձնելու, տուգանքներ և տույժեր կիրառելու կանոնները»։
Այս հրամաններից հետո սկսել են արձանագրել խախտումները Վրաստանի «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն, իսկ պատասխանատվության ենթարկելու համար գործարկվել է «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 165(11) հոդվածը՝ «Գործատուի կողմից իր կամ աշխատողի անունից կենսաթոշակային մուծում կատարելու պարտավորության խախտումը»։ Անկախ հայտնաբերված խախտումների քանակից, օրենսգրքի համաձայն, խախտումը ենթադրում է 500 լարիի չափով տուգանք։ Նույն արարքը, որը կատարվել է կրկին, հանգեցնում է 1000 լարիի չափով տուգանքի։
Բացի այդ, գործատուն պարտավոր է վճարել կենսաթոշակային չվճարված մուծումներն իր հաշվին՝ առանց աշխատողի աշխատավարձից պահումներ կատարելու։
Բացի ֆիքսված տուգանքից, օրենսդրությունը նախատեսում է տույժի ավելագումար ուշացման յուրաքանչյուր օրվա համար։ Տույժի չափը հաշվարկվում է՝ հաշվի առնելով պարտքի չափը և որոշվում է պարտավորության առաջացման օրը Վրաստանի Ազգային բանկի կողմից սահմանված դրամավարկային քաղաքականության գործող տոկոսադրույքի հիման վրա։ 2025 թվականի մայիսի դրությամբ այս տոկոսադրույքը կազմում է տարեկան 8%։ Տույժերի ավելագումարը շարունակվում է մինչև կենսաթոշակային մուծումների լրիվ վճարման կատարումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Կուտակված տոկոսների չափի վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ստանալ կենսաթոշակային մուծումների էլեկտրոնային կառավարման համակարգում՝ գործատուի պաշտոնական պորտալի միջոցով։
Սահմանված կարգի համաձայն՝ գործատուն պարտավոր է վճարել դրված տույժերն ու տուգանքները, ինչպես նաև վճարել կուտակված կենսաթոշակային մուծումները՝ համապատասխան ծանուցումը ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում։ Վճարմանը պետք է կցվեն բոլոր անհրաժեշտ տվյալները, ներառյալ գործատուի նույնականացման համարը և հարկային կոդը։
Ինչպես բացատրում է Ախալքալաքից հաշվապահ Հռիփսիմե Oվանօղլյանը, եթե գործատուն պարտք է ունեցել՝ ցանկացած պարտքի, նույնիսկ 1 լարիի դեպքում, երկրորդ օրը կարող է գալ 500 լարիի չափով տուգանք։
«Այսինքն՝ այն ըստ տոկոսների չի կուտակում, ինչպես, օրինակ, այլ համակարգերում, երբ տուգանքը կուտակվում է օրը օրվա վրա։ Եթե անձը վճարում է բանկից, փոխանցումը պետք է կատարվի իր սեփական հաշվից։ Եթե վճարումը պարզապես կատարվել է կենսաթոշակային հիմնադրամին (օրինակ՝ դրամարկղի կամ ուրիշի հաշվի միջոցով), այդ գումարը չի արձանագրվի՝ այն չի «նստի» հաշվի վրա։ Այսինքն՝ հաճախորդը պետք է գումարը փոխանցի կենսաթոշակային հիմնադրամ իր անձնական հաշվից», — ասում է նա՝ հավելելով.
— Կենսաթոշակային հիմնադրամը գործում է 2018 թվականից, և նախկինում որևէ տուգանք չի եղել։ Միայն մեկ ամիս առաջ են սկսել զգուշացնել, որ շուտով կսկսվեն պատժամիջոցներ։ Բայց եթե համեմատեք հարկային համակարգի հետ, այնտեղ, եթե չեք վճարում, ավելացնում են, օրինակ, 0.05%։ Եթե հայտարարագիր չներկայացնեք, տուգանքը կկազմի 100 լարի։ Եթե հայտարարագիրն ուղարկվում է, բայց վճարումը չի կատարվում, ապա տոկոսագումար է ավելացվում։ Իսկ այս դեպքում, նույնիսկ մի քանի թեթրիի պարագայում անմիջապես գալիս է 500 լարի տուգանք։ Ստացվում է, որ նույնիսկ եթե մարդը ստանում է 200 լարի աշխատավարձ, տուգանքը կազմում է 500 լարի։ Եվ եթե, օրինակ, դուք գրանցված եք որպես ձեռնարկատեր, իսկ վճարումը կատարել է ձեր բարեկամը, ապա միջոցները այդուհանդերձ չեն մուտքագրվում կենսաթոշակային հիմնադրամի հաշվին», — բացատրում է հաշվապահ Հռիփսիմե Օվանօղլյանը։
Շատ գործատուներ փորձում են բողոքարկել տուգանքները, բայց ստանում են բացասական պատասխան։
Տուգանքները սկսել են գալ հունիսի 15-ից հետո, որը հայտարարագրերի ներկայացման վերջին օրն էր, և երբ Հարկային ծառայությունը և Կենսաթոշակային հիմնադրամը կարող էին վերլուծել գործատուների կողմից հարկային, կենսաթոշակային կամ այլ վճարումների վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։
Ախալքալաքի գործատուներից մեկը տուգանվել է, քանի որ հայտարարագրեր է ներկայացրել և՛ հին, և՛ նոր ձևերով։ Արդյունքում, չնայած այն հանգամանքին, որ գումարը ճիշտ էր փոխանցվել, տուգանքը, միևնույն է, եկել է։
Ախալքալաքի գործատուներից մեկը տուգանվեց, քանի որ հայտարարագրերը ներկայացրել էր և՛ հին, և՛ նոր ձևերով։
«Մենք նոր աշխատակցին վարձել էինք մայիսին։ Բայց ես առաջին աշխատավարձը, որը վճարել էի մայիսին, նոր հայտարարագրի ձևով չէի ներկայացրել, ես դա արել էի հին օրինակով։ Ես հանգիստ էի, քանի որ հետո ուղարկել էի հարկային հայտարարագիրս և մտածեցի, որ նրանք շտկում կանեն։ Հետո տեսա, որ հաշվին 44 լարի է ուղարկվել։ Ամսի 17-ին, երեկոյան ժամը յոթին, ես ծանուցում ստացա, որ իմ հաշվին պետք է լինի 44 լարի, սակայն կա 20։ Ես բացեցի և տեսա, որ այդ 22 լարին փակ հայտարարագրում է, նրանք դա հաշվի չէին առել։ Ես անմիջապես վճարեցի այդ 22 լարին՝ պարտքը անմիջապես մարելու նպատակով, քանի որ հարկային հայտարարագիրը փակվում է։ Բայց այդ պահին արդեն տուգանքը կար՝ 500 լարի այն բանի համար, որ հաշվին 44-ի փոխարեն 22 լարի էր։ Հիմա ես բացում եմ և տեսնում 66 լարի, այդ դեպքում ինչո՞ւ նրանք 22 լարին հաշվի չէին առել։ Մենք նրանց գրեցինք և պատասխան ստացանք, որ նրանք իրավունք չունեն չեղյալ համարել տուգանքը», — ասում է Ախալքալաքի բնակիչը, ով չցանկացավ նշել իր անունն ու ազգանունը։
Հունիսից ի վեր, հարկային և կենսաթոշակային համակարգեր առանձին հայտարարագրերի փոխարեն, Հարկային ծառայություն է ներկայացվում մեկ հայտարարագիր։ Տուգանքներից և պատժամիջոցներից խուսափելու համար ավելի լավ է կենսաթոշակային մուծումներն աշխատավարձերից և կազմակերպություններից փոխանցել Կենսաթոշակային հիմնադրամին աշխատավարձերի հետ միասին, այն էլ՝ փոխանցել գործատուի հաշվից, ինչպես նաև ուշադիր լրացնել հայտարարագիրը: