նորություններ 17 Հունիսի, 2025 • Նինոծմինդայի մունիցիպալիտետում կառուցում է նոր խաղահրապարակ և բարեկարգվում են հները

Նինոծմինդայի մունիցիպալիտետում սկսվել են մանկական խաղահրապարակների կառուցման և վերականգնման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 276143 լարի, միջոցներն ամբողջությամբ հատկացված են տեղական բյուջեից։ Մրցույթներն արդեն ավարտվել են, իսկ որոշ տեղերում էլ շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։

Շինարարության և վերականգնման ծրագիրը ներառում է յոթ խաղահրապարակ, վեցը կվերանորոգվեն մունիցիպալիտետի տարբեր գյուղերում, իսկ մեկը կկառուցվի զրոյից, Նինոծմինդա քաղաքում՝ Մարքսի փողոցում։ Այդ շինարարությունն իրականացնում է անհատ ձեռնարկատեր Զոյա Համազարյանն Ախալքալաքից, ով շահել է մրցույթը առաջարկելով 48 999 լարի, մեկնարկային 53 000 լարի գնի դեպքում։

Համազարյանը նաև շահել է Փոկա գյուղում մանկական խաղահրապարակի վերանորոգման մրցույթը։ Աշխատանքները կիրականացվեն 54 777 լարիով, մեկնարկային գումարը եղել է 61 000 լարի։

Եվս երեք խաղահրապարակներ՝ Գորելովկա, Օրլովկա և Սամեբա գյուղերում, միավորվել են մեկ մրցույթի մեջ։ Աշխատանքներն իրականացվում են Ռազմիկ Ղումաշյանի կողմից 113 726 լարի արժողությամբ (մեկնարկային գինը՝ 117 500 լարի):

Ինչ վերաբերում է Մամզարա և Ջիգրաշեն գյուղերի խաղահրապարակներին, սկզբում հաղթող է ճանաչվել Սերգո Քսպոյանը, սակայն նա որակազրկվել է, և աշխատանքները կատարելու իրավունքը ստացել է հաջորդ հայտադիմումը՝ Ռազմիկ Ղումաշյանը, ով առաջարկել էր աշխատանքները կատարել 58 541 լարիով (սկզբնական գումարը կազմել է 61 500 լարի): Ներկայումս ընթանում է փաստաթղթերի պատրաստումը։

Մնացած նախագծերի պայմանագրերը ստորագրվել են հունիսի 13-ին, և աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության վարչության պետ Արմեն Բդոյանի խոսքով, մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել ևս մի քանի նմանատիպ նախագծեր։

«Գորելովկայում և Սամեբայում մենք կտեղափոխենք առկա խաղահրապարակները, քանի որ դրանք ներկայումս գտնվում են ցածր վայրում, որտեղ անընդհատ ջուր է կուտակվում։ Ծրագրվում է դրանք տեղափոխել և բարեկարգել։ Փոկայում նախատեսվում է միայն բարեկարգում, Մամզարայում՝ մասնակի տեղափոխում և բարեկարգում, իսկ Ջիգրաշենում՝ ճոճանակների տեղադրում և տարածքի բարեկարգում», — պարզաբանեց նա։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝