Վրաստանում արտադրողներից մեկի 48 հազար պլաստիկ տոպրակները կապարակնիքվել են, քանի որ դրանք չեն համապատասխանել սահմանված չափանիշներին և վտանգ են ներկայացրել շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի վերահսկողության վարչությունը։
«Աշխատակիցերն իրավախախտի դեմ կազմել են վարչական իրավախախտման արձանագրություն և կապարակնիքել 48 հազար տոպրակ, որոնցում խախտվել էր դեգրադացիայի (քայքայման) մակարդակը», - հայտնում է գերատեսչությունը։
Խմբաքանակից նմուշներն ուղարկվել են փորձաքննության։ Լաբորատորիան կորոշի այդ պարկերի դեգրադացիայի աստիճանը և կուսումնասիրի ծանր մետաղների պարունակությունը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում արտադրողը կտուգանվի, իսկ արտադրանքը կբռնագրավվի։
Վրաստանում տոպրակների արտադրողների ստուգումները պարբերաբար իրականացվում են 2019 թվականից՝ պլաստիկ տոպրակների արտադրության, ներմուծման և վաճառքի օրենսդրական արգելքի ուժի մեջ մտնելուց հետո։
Ստուգման նպատակն է կանխել արգելված ապրանքների մանրածախ առևտրի մեջ հայտնվելը և, այդպիսով, նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։
Գործող օրենսդրության համաձայն՝ բարակ պլաստիկ տոպրակները և դրանց ներմուծումը երկրում արգելված է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ 2019 թվականի ապրիլի 1-ից խանութներում պլաստիկ տոպրակների տրամադրումն ամբողջությամբ արգելված է։
Պլաստիկե տոպրակները շրջակա միջավայրի աղտոտման առաջատար պատճառներից են և համարվում են համաշխարհային խնդիր։ Պոլիէթիլենի քայքայման ժամանակը բնական միջավայրում տևում է առնվազն 400 տարի։