Նինոծմինդայի շրջանի Օրլովկա և Գորելովկա գյուղերում կաթի գինը շարունակում է մնալ 1 լարի 30 թեթրի սահմաններում, իսկ մյուս գյուղերում 1 լիտր կաթը վաճառվում է 1 լարի 40 թեթրիով։
Գյուղացիներն ասում են՝ ամեն ինչ թանկացել է, բացի կաթից։ Ըստ գյուղացիների՝ Օրլովկայում և Գորելովկայում կաթի ներկայիս գինը չի փակում նույնիսկ նվազագույն ծախսերը։
«Ես ունեի 12 կով, հիմա թողել եմ ընդամենը 5-ը, ամեն ինչի համար գումար եմ վճարում։ Այս 5 կովն էլ պահում եմ միայն այն պատճառով, որ պետք է ինչ–որ կերպ ապրեմ։ Ամեն ինչ թանկ է, բացի գյուղացու կաթից», — ասաց Օրլովկա գյուղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ նշել անուն ազգանունը։
1 լարի 30 թեթրին չի փակում ծախսերը։ Օրլովկայի բնակիչ Գևորգ Միրոյանը, ով արդեն երկար տարիներ զբաղվում է անասնապահությամբ, նույնպես կիսում է նույն մտահոգությունը։
«Կաթի ներկայիս գինն ուղակի ծիծաղելի է։ Առնվազն պետք է լինի 1,80-ից 2 լարի, որ գոնե չմնանք վնասի մեջ։ Կերը թանկ է, դեղորայքը՝ նույնպես, հովիվ էլ չկա։ Ստիպված ենք ամեն ինչ ինքներս անել», — ասում է նա։
Չնայած այդ ամենին՝ Գևորգը նշում է, որ չի պատրաստվում կրճատել անասունների գլխաքանակը։
«Սա իմ ապրուստի միակ միջոցն է։ Եթե հիմա էլ սրանից հրաժարվեմ, էլ ինչո՞վ պիտի ապրեմ»։
Ինչպես Օրլովկայում, այնպես էլ Գորելովկայում չեն նվազեցրել անասուների գլխաքանակը։
Գորելովկա գյուղի բնակիչ Մհեր Քուրչյանը նշում է, որ թեև դժվարությունները շատ են, բայց իրենց գյուղում դեռ չեն գնացել անասունների գլխաքանակի կրճատման ճանապարհով։
«Մեր գյուղում անասունների թիվը չեն նվազեցրել։ Դժվար է, իհարկե։ Ամեն ինչ թանկ է։ Բայց ես չեմ պատրաստվում քչացնել անասունների թիվը։ Սա իմ գործն է, իմ ապրուստի միակ միջոցը։ Եթե կով չպահեմ, էլ ինչ անեմ գյուղում», — ասում է նա։
1 լարի 30 թեթրով կաթ հանձնելը չի արդարացնում գյուղացու տաջանքը։
Չնայած գյուղացիները մտածում են անասունների գլխաքանակը կրճատելու մասին, բայց դեռ չեն համարձակվում, քանի որ սա համարում են իրենց ապրուստի միակ միջոցը։
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից