նորություններ 20 Հունիսի, 2025 • Բավրայի անցակետ տանող ճանապարհը դարձել է անվտանգության լուրջ սպառնալիք

Նինոծմինդայի Ազատության փողոցը և դեպի Բավրայի սահմանային անցակետ տանող ճանապարհը գտնվում են ծանր տեխնիկական վիճակում։ Խորը ու անվերջանալի փոսերը, քարուքանդ եղած ասֆալտն ամեն օր վտանգի են ենթարկում այս ճանապարհով երթևեկողներին։

Տվյալ ճանապարհն առանցքային նշանակություն ունի, քանի որ այն ոչ միայն ծառայում է տեղի բնակիչների առօրյա երթևեկությանը, այլ նաև հանդիսանում է կարևոր տրանսպորտային ուղի՝ սպասարկելով Հայաստան–Վրաստան միջպետական բեռնափոխադրումները։ Սակայն ճանապարհի անմխիթար վիճակը դարձել է լուրջ խոչընդոտ։

jampa ninocminda1

Տեղի բնակիչներից մեկը Jnews-ի հետ զրույցում ասաց․

«Արդեն երկու տարի է, ինչ այս ճանապարհի վիճակը վատ է, բայց որևէ աշխատանք չի արվում։ Ինչքան ուզում եք նկարեք, բարձրաձայնեք, միևնույն է՝ ոչինչ չի փոխվում։ Մենք շարունակում ենք ապրել այս փոսերի մեջ՝ վտանգելով մեր կյանքն ու մեքենաները», — ասում է Նինոծմինդայի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։

Նինոծմինդայի բնակիչները նշում են , որ ճանապարհի վատ վիճակը ոչ միայն մեքենաների հաճախակի վնասման և հավելյալ ծախսերի պատճառ է դառնում, այլ նաև ամենօրյա վտանգ է ներկայացնում՝ հատկապես գիշերային ժամերին կամ վատ տեսանելիության պայմաններում։

Վրաստանից Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող վարորդ Դավիթ Դոխոյանը Jnews-ի հետ զրույցում նշեց, որ Նինոծմինդայից սահման տանող ճանապարհահատվածը գտնվում է վատթարագույն վիճակում։

«Այսօրվա դրությամբ ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ եթե մեկ լարի ենք վաստակում, տասը լարի գնում է մեքենայի վերանորոգման վրա։ Չկա մի օր, որ առանց վնասվածքի դուրս գանք։ Ժդանովական գյուղից բառացիորեն մի կերպ եմ դուրս գալիս։ Օրլովկայից մինչև Նինոծմինդա հատվածն ամբողջությամբ քանդված է։ Խնդրում եմ՝ Վրաստանի ղեկավարությունն ուշադրություն դարձնի այս խնդիրին և համապատասխան քայլեր ձեռնարկի ճանապարհի վերանորոգման ուղղությամբ», — ասաց Դավիթ Դոխոյանը։

jampa ninocmida

Jnews-ը կապ հաստատեց նաև Վրաստանի ճանապարհային վարչության հետ, քանի որ տվյալ ճանապարհը գտնվում է Ճանապարհային վարչության վերահսկողության ներքո, որտեղից մեզ պատասխանեցին․

«Ընթացիկ վերանորոգման աշխատանքների շրջանակներում այս ճանապարհը կբարեկարգվի։ Սակայն կապիտալ վերանորոգում այս տարի նախատեսված չէ։ Փոսալցման աշխատանքները նախատեսվում են իրականացնել ամենամոտ ժամանակներում»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝