2022 թվականին Ծալկայում բացվեց «Ադամանդե» կամուրջ։ Շինարարությունը տևեց 2 տարի և ծախսվեց 120 մլն լարիի (40 մլն դոլար)։ Վերջին շրջանում բնակչության շրջանում խոսակցություններ են պտտվում, որ կամուրջը քանդելու են, քանի որ այն վտանգավոր է այցելուների համար։ Պարզելու համար, թե որքանո՞վ են այս խոսակցությունները համապատասխանում իրականությանը, Jnews-ը նամակով դիմեց Kass Lend ընկերությանը։
Ընկերությունից մեզ պատասխանեցին․ «Ոչ մի տեսակի վնաս չկա ադամանդե կամրջի վրա և ոչ մի տեսակի վտանգ չի կարող այն ներկայացնել»։
Միաժամանակ ընկերությունից նշում են, որ օրական բազմաթիվ այցելուներ են ունենում, և առաջին բանը, որին նրանք ուշադրություն են դարձնում, դա անվտանգությունն է։
Հիշեցնենք, որ վերջերս Kass Lend-ի տարածքում բացվեց զվարճանքի նոր այգի, որն ընդգրկում է մեծ տարածք և նպատակ ունի ակտիվորեն ներգրավել ինչպես տեղի բնակչությանը, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Այգու գլխավոր նորույթն ամենաերկար քարթինգի մրցուղիներից մեկն է, որը հատուկ նախագծված է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Բացի քարթինգից, այգու հիմնական նորամուծություններից մեկը 30 մետրանոց ջրային ատրակցիոնն է: Հատկանշական է, որ նման չափի և կոնցեպցիայի ատրակցիոն Վրաստանում երբեք գոյություն չի ունեցել:
