նորություններ 19 Հունիսի, 2025 • Գործարար Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Գործարար Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է, դատարանը բավարարել է միջնորդությունը: Այս մասին դատարանի դիմաց լրագրողներին հայտարարեցին Կարապետյանի փաստաբանները:

Նրանք նաև ասացին, որ բողոքարկելու են այս որոշումը:

«Որոշումն ակնհայտ ապօրինի է: Բնականաբար, պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել նշված խափանման միջոցի որոշումը և ակնկալում ենք, որ մոտ ապագայում կունենանք արդարացի որոշում», — պնդեց փաստաբաններից Լիանա Գասպարյանը:

Սամվել Կարապետյանը, որ մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ, ուղերձ էր հղել իր աջակիցներին, որոնք հավաքված են դատարանի առջև: Նա իր մեղադրանքն անվանել է շինծու, կալանքը՝ ապօրինի:

Մեծ թվով ոստիկաններ այս ամբողջ ընթացքում շրջափակել էին դատարանի շենքը:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին վարչապետ Փաշինյանի արշավից ու ասել՝ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին է:

«Ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», — ասել էր նա:

Այս հայտարարությունն են ՀՀ իրավապահները համարում իշխանություն զավթելու կոչ:

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց նրա առանձնատանը, ապա մեղադրանք ներկայացվեց: Վարչապետ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել Կարապետյանին, հունիսի 18-ին արդեն ասել է ռուսաստանաբնակ գործարարին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու մասին: Իշխանական պատգամավորներն ու նախարարներն օրվա ընթացքում տեղեկություններ էին տարածում, թե ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպողաբար բերում են դատարանի մոտ՝ այս հավաքը բազմամարդ դարձնելու համար:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ սպառնացել է, թե նրանցով կզբաղվեն իրավապահները:

Դատարանի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի: Նրանք պարբերաբար վանկարկում էին «Սամվե՛լ, ազատություն, արդարություն»:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝