Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում, Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 25 քաղաքացի։ Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել է Հայաստանի, Ուզբեկստանի, Իրանի, Նիգերիայի, Տաջիկստանի, Չինաստանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ալժիրի, Եգիպտոսի, Թուրքիայի, Պակիստանի և Բանգլադեշի ընդհանուր առմամբ 25 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
«Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Նրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսման իրականացումը», – ասվում է Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։