Օրեր առաջ, Վրաստանի վարչապետը հանդես եկավ զեկույցով, որում նշվում էր, որ կրթության ոլորտում կլինեն փոփոխություններ, որոնք կվերաբերվեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելուն։ Նախատեսվող փոխոխությունների մասին ավելի հստակ ու կոնկրետ պարզաբանում ստանալու նպատակով Jnews-ը գրավոր դիմել էր Վրաստանի ԿԳ նախարարությանը։
Մասնավորապես, վարչապետի զեկույցում բացատրվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության բազմաբաղադրիչ համակարգը։ Այն ներառում է 12-րդ դասարանի քննություններ՝ ընտրված առարկաներից (գնահատվելու են գիտելիքներն ու ճանաչողական հմտությունները), ինչպես նաև դիմորդի միջին գնահատականը (GPA) դպրոցի միջնակարգ մակարդակում և բարձրագույն ուսումնական հաստատության կողմից որոշված լրացուցիչ չափանիշներ։
Իրականացվելիք փոփոխությունների մասին տեղեկություններ ստանալու համար Jnews-ը դիմել էր Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն, որտեղից ի պատասխան գրել են․
«Ընդհանուր առմամբ, ազգային միասնական քննությունների հետ կապված պլանավորվում են փոփոխություններ, և մեր նախարարության պաշտոնական էջում կտեղադրվի այդ տեղեկությունը»։
Իսկ հարցին, թե ե՞րբ կլինեն մանրամասն տեղեկություններ այդ փոփոխությունների մասին, պատասխանել են, որ երբ լինի հրամանը, այդ ժամանակ էլ համապատասխան տեղեկությունը կհրապարակվի։ Փոփոխությունը կատարելու համար դեռևս չկա թեստային դպրոց։
«Եթե փոփոխությունը փոփոխվի և քննություններ անցկացվեն, ապա կանցկացվեն բոլոր դպրոցներում», — տեղեկացնում են նախարարությունից։
Այսպիսով, կրթության ոլորտում սպասվում են միասնական ազգային քննություններին վերաբերող փոփոխություններ, որոնք անմիջական կապ կունենան դպրոցի գնահատականների և ավարտական քննությունների հետ։