նորություններ 30 Հունիսի, 2025 • Նինոծմինդայում և շրջակա գյուղերում մշտական ջուր կունենան

Նինոծմինդա քաղաքի և շրջակա մի քանի՝ Մեծ Խանչալի, Օրաջալար և Կաթնատու գյուղերի բնակիչների ջրամատակարարման տասնյակ տարիների խնդիրը լուծման փուլում է գտնվում։

Նինոծմինդա քաղաքում և Օրոջալար, Մեծ Խանչալի և Կաթնատու գյուղերում իրականացվում է նոր ջրամատակարարման գծի կառուցում։ Աշխատանքների մրցույթը շահել է «Գզա» ընկերությունը, պայմանագրի գումարը կազմում է 40 200 000 լարի։

Նինոծմինդա քաղաքում աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանից։

Կատրվող աշխատանքները լայնածավալ են։ Ինչպես նշված է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ ծրագրի ավարտին շուրջ 6 850 բաժանորդ՝ որակյալ և չկտրվող ջուր կունենա։ Բնակչությանը 24-ժամյա ջրամատակարարումով ապահովելու համար կառուցվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։

Նախագծով իրականացվում է ջրամատակարարման կառույցների վերականգնում, ջրամբարի կառուցում և առկա ջրամբարների վերականգնում: Կկառուցվի 103.7 կմ երկարությամբ ջրամատակարարման ցանց, ինչպես նաև կտեղադրվի 2 741 չափիչ կետ։

Մոտ մեկ ամիս առաջ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարն իր տեղակալների, ենթաբաժինների ծառայությունների ղեկավարների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։

«Այսօրվա դրությամբ աշխատանքների 46%-ն ավարտված է: Նախագիծը ֆինանսավորվում է պետական ​​բյուջեից, որի արժեքը կազմում է ավելի քան 40 մլն լարի», — նշված է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

jur, qnnarkum

Լուսանկարը՝ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության էջից

Մայիսի 20-ին Jnews-ի աշխատակիցը խոսել է «Գզա» ընկերության մենեջեր Գիա Դիասամիձեի հետ։ Նրա խոսքով, Նինոծմինդա քաղաքում նախատեսված աշխատանքների 75%-ն արդեն ավարտված է։ Մոտ մեկ ամիս անց, Jnews-ը ևս մեկ անգամ կապ հաստատեց ընկերության մենեջերի հետ և խոսեց աշխատանքների ընթացքի մասին։

«Աշխաանքները սկսել ենք անցյալ տարի՝ մարտին, այս տարի ուզում ենք քաղաքում միացնել ջուրը, իսկ հետո՝ գյուղերում։ Քաղաքում աշխատանքների 75%-ից ավելին կատարված է, գյուղերում՝ ընդհանուր աշխատանքների 50%-ից ավելին», — նշեց Գիա Դիասամիձեն։

Հիշեցնենք, որ խմելու ջրի խնդիրը Նինոծմինդայում դեռ 90-ական թվականներից առկա է։ Քաղաքի որոշ փողոցներում ու թաղամասերում խմելու ջուրը տալիս են գրաֆիկով՝ 4-5 օրը մեկ կամ օրական 2-3 ժամով։

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝