նորություններ 17 Հունիսի, 2025 • Ջրի մեջ «խեղդվող» տուն․ Տարիներով անուշադրության մատնված խնդիրը խորանում է

Յուրաքանչյուր անձրևից հետո Երևանյան փողոցի վերջնամասում՝ Աղմաշենեբելի խճուղու խաչմերուկի մոտ,  մեծ քանակությամբ ջուր է կուտակվում՝ առաջացնելով մի ամբողջական լճակ։

IMG_9819

Արդեն 6 տարի է այս խնդիրը լուծում  չի ստանում։ Հիմնական պատճառն անձրևաջրերի հեռացման համակարգի բացակայությունն է։ Արդյունքում անձրևներից հետո կուտակված ջուրը ոչ միայն խոչընդոտում է երթևեկությանը, այլ լրջորեն վնասում է մերձակա տների հիմքերը։ Ջուրը լցվում է բնակելի տների նկուղները, խոնավեցնում պատերն ու քայքայում հիմքերը։

Ճանապարհի վերանորոգումը բնակիչների համար ստեղծել է նոր խնդիրներ

Երևանյան փողոցի բնակիչներից Աշոտ Մկրտչյանն ահազանգում է՝ վերջերս իրականացված ճանապարհի վերանորոգման հետևանքով իրենց տան պայմանները զգալիորեն վատթարացել են։

«Վերանորոգումից հետո ամբողջական թեքությունը ձևավորվել է դեպի մեր տան կողմը։ Անձրևի ժամանակ ջուրը մեծ հոսքով լցվում է նկուղ՝ առաջացնելով խոնավություն տան ներսում։ Նախկինում այս խնդիրն այդքան սուր չէր, քանի որ Աղմաշենեբելի փողոցում ջրանցքներ կային, որոնք ապահովում էին անձրևաջրերի հեռացումը։ Սակայն այժմ այդ համակարգը վերացվել է, և ամբողջ ճանապարհն ասֆալտապատվել է։ Ջուրն ուղղակիորեն հոսում է մեր տուն։ Երեկ հրշեջներին եմ կանչել, որ ջուրը քաշեն, բայց այսօր նորից ջուր է լցվել», — ասում է Աշոտ Մկրտչյանը։

1000032640

33

22

IMG_9809

Աշոտ Մկրտչյանը նշում է, որ բազմիցս դիմել է պատկան մարմիններին, սակայն որևէ արձագանք կամ լուծում չի ստացել։

«Ես անձամբ մի քանի անգամ գնացել եմ քաղաքապետարան, բայց ամեն անգամ միայն խոստումներ եմ լսել։ Խնդիրը մնում է նույնը, իսկ մենք շարունակում ենք ապրել խոնավ պատերով տան մեջ և ջրով լցված նկուղում»։

IMG_9813

Նա նաև հավելում է, որ անցած տարի ինքնուրույն միջոցներ է ձեռնարկել՝ խնդիրը լուծելու համար։

«Ինքս հիմքը փորել եմ, բետոն եմ լցրել՝ փորձելով կանխել ջրի ներթափանցումը, բայց դրանից ոչինչ չի փոխվել։ Խնդիրը շարունակում է մնալ նույնը»։

IMG_9815

Jnews-ը կապ հաստատեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի հետ, ով նշեց, որ արդեն մշակվել է նախագիծ, որի նպատակն է կարգավորել անձրևաջրերի հեռացման խնդիրը։

«Մինչև աշուն կկատարենք համապատասխան աշխատանքներ, որպեսզի ջուրը տվյալ հատվածում չկուտակվի։ Ծրագիրն արդեն պատրաստ է, պարզապես մի փոքր ժամանակ է հարկավոր՝ այն լիարժեք իրագործելու համար», – ընդգծեց Մովսիսյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝