Ախալքալաքի մունիցիպալիտետում ֆերմերներն սկսել են հողի փխրեցման աշխատանքները կարտոֆիլի ցանքատարածություններում։ Այս փուլը չափազանց կարևոր է՝ հատկապես բարձրադիր լեռնային շրջաններում, որտեղ կարտոֆիլը հիմնական գյուղատնտեսական մշակաբույսն է։
Մշակման տարբեր մոտեցումներ են կիրառվում՝ կախված հողագործական տեխնիկայի հնարավորություններից։ Ֆերմերների մեծ մասը անմիջապես անցնում է բուկլիցի աշխատանքներին՝ հողը չփխրեցնելով։ Սակայն որոշ գյուղատնտեսներ նախընտրում են հողը փխրեցնել՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով կարտոֆիլի մշակման համար։
Jnews-ը խոսել է գյուղատնտես և ֆերմեր Մովսիսյան Մկրտիչի հետ, ով ներկայացրել է հողի մշակման տարբեր փուլերը՝ ըստ օգտագործվող սարքավորումների։
«Եթե սովետական սարքերով են ցանել, անպայման պետք է նախ փխրեցնեն հողը, հետո միայն բուկլից անեն։ Իսկ, եթե նոր սարքերով են ցանել, միանգամից բուկլից անելը ճիշտ է», – ասաց նա։
Մկրտիչ Մովսիսյանը նաև անդրադարձավ եղանակային պայմաններին։
«Ներկայումս եղանակը մի փոքր ցուրտ է, սակայն կարտոֆիլը կարող է վնասվել միայն այն դեպքում, երբ ջերմաստիճանը իջնում է զրոյից ցածր», — ասաց Մկրտիչ Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի տարածաշրջանը Վրաստանում կարտոֆիլի հիմնական արտադրող շրջաններից մեկն է։ Այստեղի կարտոֆիլը հայտնի է իր համային ու որակական բարձր հատկանիշերով։
Բուկլիցը շարահերկ բույսերի (կարտոֆիլ, ճակնդեղ, եգիպտացորեն և այլն) խնամքի ընթացքում կիրառվող ագրոտեխնիկական միջոցառում է, որի ժամանակ փխրուն հողը լցվում է շարքի երկարությամբ յուրաքանչյուր բույսի կամ դրա խմբի շուրջ։ Բուկլիցի շնորհիվ հողում ուժեղանում են միկրոկենսընթացները, բարելավվում օդաջերմային ռեժիմները, ինչպես նաև բույսերի համար կուտակվում են անհրաժեշտ սննդանյութեր։
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից