Մայիսի 31-ին Վրաստանում ուժի մեջ մտավ ամերիկյան FARA-ի անալոգը, որը նախատեսում է ՀԿ-ների գրանցում «Օտարերկրյա գործակալների» ռեգիստրում։ Jnews-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Ախալքալաքի հասարակական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները գրանցվել են ռեգիստրում, գիտե՞ն նրանք արդյոք որտեղ, ինչպես, և ամենակարևորը՝ անհրաժե՞շտ է արդյոք գրանցվել ռեգիստրում։
FARA-ն Վրաստանում ընդունված առաջին օրենքը չէ, որը սահմանափակում է ՀԿ-ների գործունեությունը։ Ավելի վաղ, երբ կառավարությունն ընդունեց այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, Ախալքալաքի շատ կազմակերպություններ գրանցվեցին ռեգիստրում, քանի որ կամ չունեին տուգանքը վճարելու հնարավորություն, կամ ունեին գույք (տեխնիկա, տարածք): Որոշ կազմակերպություններ ոչինչ չձեռնարկեցին, կա՛մ այն պատճառով, որ արտասահմանից դրամաշնորհ չունեին, և օրենքը նրանց վրա չէր տարածվում, կա՛մ այն պատճառով, որ նրանք սկզբունքորեն դեմ էին օրենքին։
FARA-ի դեպքում, սակայն, ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Jnews-ը տարբեր ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից հհետաքրքրվեց, թե ինչ են նրանք անելու կամ արդեն արել նոր օրենքի հետ կապված։
Կրթական հաստատություններ
«Մենք գիտենք, թե ինչպես գրանցվել։ Գիտենք, որ գրանցումն արվում է Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում՝ FARA-ի բաժնում, բայց մենք չենք գրանցվի, քանի որ կրթական կենտրոնները չպետք է գրանցվեն ըստ FARA-ի։ Որտեղի՞ց գիտենք, որ մեզ գրանցում հարկավոր չէ։ Մենք դիմել ենք Հակակոռուպցիոն բյուրոյին՝ խորհրդակցության համար, որտեղ մեզ ասացին, որ մենք դրա պարտավորությունը չունենք»։
Գյուղատնտեսական կազմակերպություններ
«Այս օրենքը չի վերաբերում մեր կազմակերպությանը։ Նույնիսկ եթե օրենքը կիրարկվի մեր կազմակերպության վրա, մենք չենք պատրաստվում գրանցվել։ Ընդհանուր առմամբ, ես ոչ կառավարական ոլորտում որևէ հեռանկար չեմ տեսնում, եթե դոնորները չփոխեն իրենց մոտեցումը ֆինանսավորման նկատմամբ։ Մենք մի քանի տարի ասել ենք, որ ապակենտրոնացում է անհրաժեշտ, և շրջանային կազմակերպությունները կլինեն նախագծերում լիիրավ գործընկերներ։ Իսկ ինչո՞ւ պետք է հիմա գրանցվենք։ Զուտ նշան դնելու համա՞ր։ Եթե նույնիսկ այդպես է՝ շրջանային կազմակերպությունները հազվադեպ են ֆինանսավորում ստանում։ Ամենից հաճախ գումար են ստանում կենտրոնական կազմակերպությունները, տեղում վարձում են մեկ անձի, նա նախագիծն իրականացնում է խորհրդանշական գումարներով, իսկ արդյունքը վերագրվում է կենտրոնում գտնվող կազմակերպություններին»։
Զարգացման կազմակերպություններ
«Տեղեկատվական արշավին մասնակցել են նաև այլ նմանատիպ կազմակերպություններ, հարցրել ենք նրանցից։ Բանն այն է, որ մենք իրավունք չունենք զբաղվել քաղաքական հարցերով։ Բայց կա վախ։ Դու գրանցվելիս ամբողջությամբ հայտնվում ես անախորժությունների մեջ։ Ես չգիտեմ, թե ինչպես այս կարգավորումը կաշխատի Վրաստանում։ Դա մեծապես կդժվարացնի քո կյանքը։ Գործնականում նույն բանն է՝ նստած կլինես, թե նստած չես լինի՝ խարանադրոշմով ես»։
Տուրիստական կազմակերպություններ
«Անկեղծ ասած, չգիտեմ՝ մենք համապատասխանում ենք այս օրենքի չափանիշներին՝ սա մեկ։ Երկրորդ՝ չգիտեմ՝ ու՞մ դիմեմ և ինչպես պարզեմ այս բոլոր նրբությունները։ Ես գիտեմ, որ այս օրենքը շատ ավելի վատն է, քան նախորդը, չնայած երբ ընդունվեց օտարերկրյա գործակալների մասին առաջին օրենքը, մենք գրանցվեցինք։ Բայց հիմա նույնիսկ չգիտեմ՝ ինչպես և ինչ անել»։
Ընդհանուր առմամբ, հասարակական կազմակերպությունները չգիտեն, թե ինչպես և որտեղ գրանցվել, և արդյոք օրենքը տարածվում է իրենց վրա։ Ստորև ներկայացված են գրանցման վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները։
Որտե՞ղ է հարկավոր գրանցվել
Գրանցումն իրականացվում է FARA eFile պորտալի միջոցով, որը հասանելի է Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում։ Գրանցման դիմումը և(կամ) լրացուցիչ փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից պահանջվող լրացուցիչ ձևաչափերով։
Ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ երկարաձգել գրանցումը
Գրանցվողները պետք է լրացուցիչ դիմումներ ներկայացնեն գրանցման դիմումի ներկայացման օրվանից յուրաքանչյուր վեցամսյա ժամկետի ավարտից հետո 30 օրվա ընթացքում։
Կա՞ արդյոք պատասխանատվություն գրանցման դիմումն ուշ ներկայացնելու համար
Այո։ Գրանցման հայտադիմումի ուշ ներկայացումը կարող է համարվել FARA-ի պահանջների խախտում, նման դեպքում, գրանցման ենթակա անձին արգելվում է գործել որպես օտարերկրյա պրինցիպալի գործակալ։
Նկատի ունեցե՛ք, որ եթե օտարերկրյա պրինցիպալի գործակալը չի պահպանում FARA-ի շրջանակներում սահմանված կանոնները, Հակակոռուպցիոն բյուրոն իրավասու է դիմել համապատասխան դատարան և պահանջել դադարեցնել գրանցման ենթակա անձի որպես օտարերկրյա պրինցիպալի գործակալի գործունեությունը կամ պահպանել սահմանված կանոնները։ Նաև, Բյուրոյի որոշմամբ, համապատասխան գործի նյութերը կարող են ուղարկվել քննչական մարմին՝ հետագա հակազդման նպատակով։
Գրանցման դիմում չներկայացնելը համարվում է ընթացիկ հանցագործություն այնքան ժամանակ, քանի դեռ այն գոյություն ունի, անկախ նրանից՝ հակասում է այն որևէ այլ օրենքի, թե ոչ, և ենթակա չէ որևէ վաղեմության ժամկետի։
Նշենք, որ օրենքն ուժի մեջ է մտել մայիսի 31-ին, և ռեգիստրում գրանցման դիմում ներկայացնելու համար տրվել է 10 օր, ուստի այն կազմակերպությունները, որոնք դա չեն արել մինչև հունիսի 10-ը, արդեն համարվում են ուշացած։
Գրանցման դիմում ներկայացնելը նշանակո՞ւմ է FARA-ի պահանջներին համապատասխանություն
Գրանցման կամ լրացուցիչ հայտադիմումի ներկայացումը չի նշանակում, որ փաստաթղթերը համապատասխանում են FARA պահանջներին կամ մանրազնին վերանայվել են Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից։
Գրանցման դիմումը ներկայացնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Բյուրոն որոշում է օրենքի պահանջներին պաշտոնական համապատասխանությունը։ Նկատի ունեցե՛ք, որ պաշտոնական ստուգման ավարտից հետո գրանցման դիմումը կհրապարակվի էլեկտրոնային տվյալների բազայում։
Բյուրոն ստուգում է գրանցման դիմումի բովանդակության ամբողջականությունն ու ճշգրտությունը։ Եթե ստուգման արդյունքում պարզվի, որ գրանցման դիմումի բովանդակությունը թերի է և(կամ) անճիշտ, Բյուրոն էլեկտրոնային տվյալների բազայի միջոցով դիմորդին ուղարկում է ծանուցում՝ պարզաբանելով թերության բնույթը և խնդրելով այն վերացնել և(կամ) լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ներկայացնել ոչ ավելի, քան 10 օրվա ընթացքում։
Եթե թերությունները չեն շտկվում նշված ժամկետում, Հակակոռուպցիոն բյուրոն կգործի օրենքով սահմանված կարգով։
Հաշվետվություն խորհրդարանին
Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ Վրաստանի խորհրդարան է ներկայացնում այս օրենքի կիրառման վերաբերյալ զեկույց, որը ներառում է տեղեկատվություն օտարերկրյա պրինցիպալների գործակալների գրանցման համապատասխան կանոնների պահպանման վերաբերյալ, ինչպես նաև զեկույց՝ տարածվող քաղաքական քարոզչության բնույթի, աղբյուրների և բովանդակության վերաբերյալ։