նորություններ 12 Հունիսի, 2025 • Ախալքալաքում կանանց իրավունքների պաշտպանության մոնիթորինգն իրականացնում է օմբուդսմենը

Այսօր՝ հունիսի 12-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վրաստանի ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների և ՏԻՄ կին ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել մունիցիպալիտետում կանանց իրավունքներին վերաբերող հարցերը։

Վրաստանի ՄԻՊ գրասենյակի գենդերային հավասարության բաժնի աշխատակիցները ժամանել են Ախալքալաք։ Այցի նպատակն էր տեղական ինքնակառավարման մարմինների և ենթակա կառույցների ներկայացուցիչներից ստանալ կանանց իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն։ Տարին մեկ անգամ ՄԻՊ գրասենյակը Վրաստանի խորհրդարանին է ներկայացնում երկրում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց։ Այս զեկույցները պատրաստելու համար հանդիպումներ են անցկացվում տարբեր շրջանների ներկայացուցիչների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը պարզաբանելու և հավաքելու համար։

Սամցխե-Ջավախքում՝ Ախալքալաքում, գենդերային բաժնի ներկայացուցիչները հանդիպել են Սակրեբուլոյում և Ախալքալաքի քաղաքապետարանում աշխատող կանանց հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում կանանց հետ շրջանի գյուղերից մեկում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային քվոտավորման արդյունքներին, սոցիալական փաթեթներին, կանանց ակտիվությանը՝ թե՛ քաղաքականության մեջ, թե՛ որոշումների կայացման գործընթացում, սեռային նշանով խտրականության դեպքերին, բռնությանը, կանանց կրթությանը և բազմաթիվ այլ թեմաների վերաբերող հարցեր։

Նշենք, որ Վրաստանի հանրային պաշտպանի Գենդերային հավասարության վարչությունը ստեղծվել է 2013 թվականի մայիսի 15-ին: Դրա ստեղծման հիմքում ընկած էր 2001 թվականից գործող Երեխաների և կանանց իրավունքների կենտրոնի գործունեությունը: Իր գործունեության մեջ վարչությունը ղեկավարվում է Վրաստանի Սահմանադրությամբ, համապատասխան միջազգային կոնվենցիաներով և պայմանագրերով, «Հանրային պաշտպանի մասին» Վրաստանի օրգանական օրենքով, «Հանրային պաշտպանի գրասենյակի մասին» կանոնակարգով և գենդերային հավասարության ոլորտում Վրաստանի օրենսդրությամբ:

Վարչության նպատակն է մոնիթորինգ իրականացնել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում՝ գենդերային հավասարության ոլորտում, նպաստել գենդերային հարցերի ինտեգրմանը ՄԻՊ ամենօրյա գործունեության մեջ, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ Վրաստանում գենդերային հավասարությունն ամրապնդելու նպատակով։

Վերատպման կանոն