Այս տարվա «Միսս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթի հաղթողը արմատներով Ջավախքի Զակ գյուղից է։ 20-ամյա Անուշ Աղաբալյանը, ով սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում, ոչ միայն ապացուցեց, որ երազանքները իրականանում են, այլ նաև դարձավ ոգեշնչող օրինակ բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար։
Անուշը սովորում է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում՝ անգլերենի և լատիներենի լեզվաբանության բաժնում, նաև երգում է Թբիլիսիի կաթոլիկական եկեղեցում։ Մեր հերսուհին Թբիլիսիում ակտիվ ուսանողական կյանքով է ապրում, իսկ հայրենի գյուղում լինելու դեպքում՝ զբաղվում հողագործությամբ, մարմնամարզությամբ և նկարչությամբ:
Նրա ճանապարհը դեպի «Միսս Հայաստան» մրցույթ հարթ չի անցել։ 2023 թվականին նա լրացրել է հայտը, և շուտով առաջին հրավերն ստացել դեպի Երևան։ Այդ պահից սկսած նրա խոսքով սկսվեց շուրջ երկու տարի տևած ճանապարհը՝ լի մարտահրավերներով, երթևեկությամբ, դասընթացներով ու նկարահանումներով։
«2 տարի ամեն ամիս Թբիլիսիից գնացել եմ Երևան դասընթացների և նկարահանումների, ինչը շատ դժվար էր համատեղել համալսարանի դասերիս հետ։ Բայց միևնույնն է, ես որոշեցի միևնույն ժամանակահատվածում իրականացնել իմ երկու նպատակները՝ ուսումը և գեղեցկության մրցույթը», — մեզ հետ զրույցում պատմում է Անուշը։
Մանկուց նա երազել է այս ամենի մասին՝ դիտելով «Միսս Տիեզերք» մրցույթը, հույս ունենալով, որ մի օր ինքն էլ կհասնի մեծ բեմերի։ Երազանքը վերածվեց նպատակների, իսկ նպատակները՝ գործի, սպորտ, վազք, ինքնակրթություն։ Այդ ամենն օգնեց նրան ինքնավստահ լինել՝ թե՛ մտքով, թե՛ մարմնով։
«Հոգեպես ես շատ հանգիստ և ուրախ եմ եղել, անկախ ամեն ինչից, կհաղթեի թե՞ ոչ, միևնույն է ես շատ հանգիստ էի, որը ինձ օգնեց ամբողջ ելույթի ժամանակ, երբ հայտարարեցին իմ անունը մի պահ չհավատացի բայց և այնպես ինձ խաղաղ էի զգում»:
Անուշ Աղաբալյանն այսօր ոչ միայն գեղեցկության մրցույթում հաղթած աղջիկ է, այլև՝ տոկունության, նվիրվածության ու երազանքին հասնելու ուժի վառ օրինակ։ Նրա ուղերձը Ջավախքի աղջիկներին պարզ ու խորն է․
«Խորհուրդ կտամ հիմնվել իրենց սեփական ներքին ձայնի վրա։ Եթե կա նպատակ՝ թող սահման չգծեն իրենց և այդ նպատակի մեջտեղը, և գնան առաջ»։