Վարչապետը ներկայացրել է զեկույց, որտեղ ասվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու ժամանակ հաշվի կառնվեն դպրոցում ստացած գնահատականները և երկու այլ չափանիշ։ Այս մասին հայտնում է etaloni.ge կայքը։
Ըստ կայքում տեղադրված տեղեկությունների՝ վարչապետի ներկայացրած կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցում քննարկվում են կրթության ոլորտում նախատեսված նորարարությունները, այդ թվում՝ դպրոցից բարձրագույն ուսումնական հաստատություններ տեղափոխվելու փոփոխությունները։
Փաստաթղթում նշվում է, որ․ «Մշակվել է բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության նոր համակարգի հայեցակարգ, որը նախատեսում է բազմաբաղադրիչ ընդունելության համակարգի ստեղծում»։
Վարչապետի զեկույցում բացատրվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության բազմաբաղադրիչ համակարգը։ Այն ներառում է 12-րդ դասարանի քննություններ ընտրված առարկաներից (գնահատվելու են գիտելիքներն ու ճանաչողական հմտությունները), ինչպես նաև դիմորդի միջին գնահատականը (GPA) դպրոցի միջնակարգ մակարդակում և բարձրագույն ուսումնական հաստատության կողմից որոշված լրացուցիչ չափանիշներ։
«Հաշվետու ժամանակահատվածում պատրաստվել է ծրագրային ապահովման հայեցակարգ և փաստաթուղթ, որը նկարագրում է նոր համակարգի տեխնիկական բնութագրերը», — նշվում է փաստաթղթում։ Սա նշանակում է, որ ազգային քննություններն այն տեսքով, որով դրանք ներկայումս գոյություն ունեն, կվերացվեն, նշված է վերոնշյալ կայքում։
Ինչ վերաբերում է փոփոխության ժամկետներին, ապա այն զեկույցում նշված չէ։