Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի բնակիչները հույս ունեին, որ նոր ջրատարի կառուցումից հետո իրենց տներում կունենան շուրջօրյա խմելու ջուր, սակայն իրականությունը չարդարացրեց սպասումները, և ջուրը կրկին մատակարարվում է գրաֆիկով։
Դադեշ գյուղն ապրում է իր սովորական կյանքով։ Գյուղում շատերը նույնիսկ չգիտեին, որ այս աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Թեպետ, նրանք մեծ հույսեր չեն կապում ընտրությունների հետ։ Գյուղացիների խոսքով, սակրեբուլոյի պատգամավորը տեղյակ է իրենց խնդիրներին, բայց չունի դրանք լուծելու լիազորություններ։
Դադեշի բնակիչների հիմնական խնդիրը բնական գազի բացակայությունն ու խմելու ջրի անկանոն մատակարարումն է։ Թեև բնակիչներն արդեն կորցրել են գազամատակարարման ցանցին միանալու հույսը, սակայն շուրջօրյա ջրամատակարարման հույս ունեին։
Անցյալ տարի, վերջապես, կառուցվեց նոր ջրատար, որը Դադեշ և Սուլդա գյուղերին խմելու ջուր է մատակարարում։ Դադեշի բնակիչները հույս ունեին, որ նոր համակարգը իրենց շուրջօրյա կապահովի ջրով, սակայն նրանց սպասելիքները չարդարացան, ջուրը կրկին մատակարարվում է գրաֆիկով։ Սակայն, այն մաքուր է և որակյալ։
«Ջուրը գալիս է նախկինի պես։ Մեզ խոստացել էին, որ մենք մշտական ջուր կունենանք, սակայն նորից այն գրաֆիկով են տալիս, ըստ փողոցների։ Մենք մեկ անձի համար վճարում ենք 5 լարի։ Հիմա մենք նաև պոմպի համար ենք վճարում։ Պատգամավորը գիտի այս մասին։ Մեզ խաբել են։ Իսկ մեր գյուղի մարդկանց 90%-ը ձայն է տվել ընտրություններում», — ասում է Դադեշի բնակիչը, ով ցանկացավ անանուն մնալ։
Տեղական իշխանությունները, ինչպես նշում են քաղաքապետարանից, չէին խոստացել շուրջօրյա ջրամատակարարում, բայց երաշխավորել են ջրի որակը և անվտանգությունը։ Նրանց խոսքով, նույնիսկ եթե նոր գիծը նորմալ աշխատի, ծավալները միևնույն է բավարար չեն մշտական ջրամատակարարման համար, քանի որ անհնար է անընդհատ պոմպով ջուրը մղել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն իրավիճակը մեկնաբանում է հետևյալ կերպ.
«Մենք նրանց չենք խոստացել շուրջօրյա ջրամատակարարում։ Անհնար է պոմպի միջոցով այնքան ջուր մղել, որպեսզի բոլորին շուրջօրյա ապահովենք ջրով, հաշվի առնելով, որ բոլորի բակերում և տներում ծորակը միշտ բաց է։ Այս խոսակցությունները միշտ էլ եղել են։ Բնակչությունը չի հասկանում, որ ծորակը պետք է փակել։ Առավելությունն այն է, որ նրանք խմում են մաքուր ջուր և ձմռանը չեն բախվում ջրի բացակայության խնդրին։ Նրանց ջրամատակարարումը կայուն է, չնայած այն գրաֆիկով է։ Այս խնդիրը գոյություն ունի շատ գյուղերում։ Այգին ջրելու համար պետք չէ խմելու ջուր օգտագործել», — ասում է նա։
Բնակիչ Մանուշ Միքայելյանը բողոքում է, որ ջուրը չափազանց թանկ է նստում իր ընտանիքի վրա։
«Գազ չկա, ջուրը կրկին գրաֆիկով է։ Իմ ընտանիքը ամսական 40 լարի է վճարում ջրի համար», — ասում է նա։
«Մենք ամեն օր տեսնում ենք պատգամավորին, նա ամեն ինչ գիտի։ Նրանք գալիս են ընտրություններից առաջ և խոստումներ են տալիս։ Ընտրություններից հետո՝ մոռանում են», — ասում է Սեյրան Անագուլյանը։
Գառնիկ Աբրամյանը կարծում է, որ ջրամատակարարման իրավիճակը կարելի է փոքր-ինչ բարելավել։
«Գյուղի մեջ ջրագիծը պետք է փոխվի։ Մինչև մենք դա չանենք, ջրի խնդիրը չի լուծվի։ Գիծն, ինչպես հարկն է, չի աշխատում, կարգավորել է անհրաժեշտ», — ասում է նա։
Այս աշնանը Վրաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Դադեշ գյուղը ընդգրկված է թիվ 52 ընտրատեղամասում և Սուլդա (թիվ 51), Բոզալի (թիվ 53) և Մյասնիկյան (թիվ 54) գյուղերի հետ միասին կազմում է Սուլդայի մեծամասնական ընտրատարածքը (40.18 ընտրատարածք): Այս գյուղերի բնակիչները, մունիցիպալիտետի մյուս բնակիչների հետ միասին, կընտրեն Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի մեկ պատգամավոր և Ախալքալաքի քաղաքապետ։