Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը հրապարակել է 12-րդ դասարանի առարկայական ծրագրերը էքստեռնի կարգով հանձնելու գործընթացը, սահմանելով քննությունների անցկացման և դիմումների ընդունման ժամկետները։
Հետաքրքրված անձինք կարող են գրանցվել 2025 թվականի հունիսի 11-ից մինչև հունիսի 17-ը ներառյալ, իսկ քննությունները նախատեսվում են անցկացնել հունիսի 20-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ։
Քննությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ում տարիքը համընկնում է կամ գերազանցում է այն դասարանի աշակերտների տարիքային շեմին, որը նա ցանկանում է հաղթահարել, և որը հաղթահարել է նախորդ դասարանի ուսումնական ծրագիրը։
Էքստեռն կարգով քննությանը մասնակցելու համար՝ չափահաս դիմողը կամ անչափահասի օրինական ներկայացուցիչը պարտավոր է սահմանված ժամկետներում անձամբ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը ռեսուրս կենտրոն՝ հետևյալ եղանակով․
- Եթե դիմողը ներկայումս սովորում է դպրոցում, փաստաթղթերը ներկայացվում են այն ռեսուրս կենտրոն, որի վարչական տարածքում գտնվում է տվյալ դպրոցը։
- Եթե դիմողը որևէ դպրոց չի հաճախում, նա կարող է դիմել ցանկացած ռեսուրս կենտրոն՝ իր ընտրությամբ։
Էքստեռն կարգով քննությանը մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․
- դիմողի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոսահամար, էլ․ փոստ)
- նշում, թե որ դասարանը, կիսամյակը կամ առարկան(երը) է նախատեսում հանձնել
- քննության լեզուն (վրացերեն, ռուսերեն, ադրբեջաներեն կամ հայերեն)
- օտար լեզվի ընտրությունը՝ ըստ պահանջի
- ընտրովի առարկան՝ համաձայն ազգային ուսումնական պլանի
- դիմողի անձը հաստատող փաստաթղթի կամ ծննդյան վկայականի պատճեն
- նախորդ դասարանի կամ կիսամյակի ավարտը հավաստող փաստաթուղթ
- եթե դիմողը կրթություն է ստացել արտասահմանում՝ Վրաստանի օրենսդրությամբ ճանաչված համապատասխան փաստաթուղթ
Եթե քննությունը վերաբերում է միջնակարգ դպրոցի առանձին դասարանի կամ կիսամյակի առարկաներին, անհրաժեշտ է դպրոցի կողմից տրված տեղեկանք, որ տվյալ ուսումնական ծրագիրը պետք է հաղթահարվի էքստեռն կարգով։