Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում արդեն մի քանի շաբաթ է ընթանում են փոսալցման աշխատանքներ։ Չնայած աշխատանքների մեկնարկից անցել է ավելի քան մեկ ամիս, մի շարք գյուղական ճանապարհներ դեռ մնում են անմխիթար վիճակում։
Այս տարի փոսային նորոգման աշխատանքների իրականացման նպատակով Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել էր էլեկտրոնային մրցույթ, որը շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Պայմանագրի արժեքը կազմում է 1 350 000 լարի՝ նախատեսված երկու տարվա համար։ Ըստ պայմանագրի՝ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը։
Փոսալցման աշխատանքներն Ախալքալաք քաղաքում սկսվել են ապրիլի 30-ից, սակայն բնակիչների շրջանում անհանգստություն կա, որ մունիցիպալիտետի մի շարք համայնքներ մնում են ուշադրությունից դուրս։ Մասնավորապես՝
Արագվա–Գոման ճանապարհն ասֆալտապատման փոխարեն միայն ավազով է լցվել։
Արագվա–Կոթելիա հատվածում կատարվել են մասնակի փոսալցման աշխատանքներ։
Կոթելիա–Բարալեթ և Բարալեթ–Կաջո ճանապարհներին առհասարակ աշխատանքներ չեն իրականացվել։
Այս կապակցությամբ Jnews-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանից տեղեկացավ․
«Ներկա պահին փոսալցման աշխատանքներն ընթանում են հենց Ախալքալաք քաղաքում։ Երբ ավարտենք քաղաքային հատվածի նորոգումները, այդ ժամանակ կսկսենք գյուղերի ճանապարհների վերանորոգումը։ Արագվա–Կոթելիա ճանապարհը թե ինչու է կիսատ արվել ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, դա միջպետական ճանապարհ է»։
Jnews-ը կապ հաստատեց «Ջավախավտոգզա» ընկերության հետ՝ հասկանալու համար, թե ում պատասխանատվության տակ է Արագվա-Կոթելիա ճանապարահատվածը։
Ընկերությունից հայտնեցին, որ Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաք ճանապարհահատվածը գտնվում է իրենց պատասխանատվության ներքո։
«Այդ տարածքում արդեն իրականացրել ենք փոսալցման աշխատանքներ։ Մոտավորապես 10 օրից աշխատանքները լրիվ կավարտվեն։ Սա առանձին մրցույթով չի իրականացվում։ Փոսալցումը կատարվում է Սամցխե-Ջավախքի ողջ տարածքի համար հայտարարված ընդհանուր մրցույթի շրջանակներում»։