Աշխատանքային հանդիպում է անցկացվել Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նվիրված ջրի իրավունքների թեմային։ Մոնիթորինգ է անցկացվել Վրաստանի մի շարք, այդ թվում՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում։ Արդյունքում պարզվել է, որ որոշ գյուղերում ջուրն անբավարար է, կամ գույնն ու բաղադրությունը չի համապատասխանում ստանդարտներին։
Հանդիպման նպատակն էր խթանել համագործակցությունը քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կողմերի միջև՝ աջակցելով ջրի հասանելիության, կառավարման և մարդու իրավունքների իրացման գործընթացին Վրաստանում։
Բացման խոսքով հանդես եկան Վրաստանի Ժողովրդական պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Լիկա Ծիկլաուրին և Զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչ Նինո Ջոմարջիձեն։
Միջոցառման ընթացքում Լիկա Ծիկլաուրին հանդես եկավ որպես մոդերատոր։ Նրա կողմից ներկայացված զեկույցը ներառում էր ջրի նկատմամբ իրավունքի միջազգային ստանդարտները, այդ իրավունքի բովանդակային ասպեկտները և հիմնական սկզբունքները։
Հատուկ շեշտվեց տարբեր մունիցիպալիտետներում առկա խնդիրները՝ կապված ջրի մատչելիության, որակի հասանելիության հետ։ Ներկայացվեցին նաև Վրաստանի Ժողովրդական պաշտպանի առաջարկություններն ու հանձնարարականները՝ ուղղված ջրի նկատմամբ իրավունքի արդյունավետ իրագործմանը։
Մոնիթորինգի ժամանակ այցեր են կատարվել Վրաստանի 5 մարզերի՝ 16 մունիցիպալիտետների, թվով 35 գյուղեր, որտեղ բնակվում են էթնիկ փոքրամասնություններ, ինչպես նաև՝ օկուպացիոն գծին մոտ գտնվող բնակավայրեր։
Տարածաշրջաններ՝ Մցխեթա-Մթիանեթի, Շիդա Քարթլի, Քվեմո Քարթլի, Սամցխե-Ջավախեթի և Կախեթի։ Մունիցիպալիտետներ Մցխեթա, Դուշեթի, Գորի, Քարելի, Խաշուրի, Թեթրիծղարո, Մառնեուլի, Նինոծմինդա, Ախալքալաք, Ախալցիխե, Բորժոմի, Գուրջանի, Դեդոփլիսծղարո, Սագարեջո, Գարդաբանի, Բոլնիսի։
Քննարկումների ընթացքում շեշտվեց է նաև այն հանգամանքը, որ որոշ մունիցիպալիտետներում խմելու ջրի նկատմամբ իրավունքն ամբողջությամբ ապահովված չէ՝ տեխնիկական, ֆինանսական կամ ինստիտուցիոնալ սահմանափակումների պատճառով։ Մասնակիցները ներկայացրեցին իրենց մունիցիպալիտետում առկա խնդիրների օրինակներ և առաջարկություններ՝ իրավական և կառավարման բարեփոխումների վերաբերյալ։
Մոնիթորինգի արդյունքում պարզվել է․
Թեև մունիցիպալիտետներում և գյուղերում որոշակի տարբերություններ կան, շատ խնդիրներ ընդհանուր են։
Ջրամատակարարման համակարգը միատեսակ չէ։ Օրինակ՝ որոշ գյուղերի բնակիչներին ջուրը մատակարարվում է ուղիղ բնակելի տներում, իսկ մյուս գյուղերում բնակիչները ստիպված են ջուր վերցնել միայն համայնքային աղբյուրներից/ծորակներից/հորերից։
Մունիցիպալիտետների/գյուղերի միայն փոքր հատվածն է ջրամատակարարվում լիցենզավորված ընկերությունների կողմից (օրինակ՝ Դեդոփլիսծղարո մունիցիպալիտետի Զեմո Քեդի և Քվեմո Քեդի գյուղերը, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ գյուղը)։
Հատկապես մտահոգիչ է այն գյուղերի վիճակը, որտեղ ջրագծերը կառուցվել են, սակայն բնակչությունն ամիսներով կամ ընդհանրապես չի ստանում ջուր (օրինակ՝ Սագարեջոյի մունիցիպալիտետի Կազլարի գյուղը և Դուշեթի մունիցիպալիտետի Էբնիսի գյուղը)։
Խնդիրներ են հայտնաբերվել ջրի իրավունքի գրեթե բոլոր չափանիշների առումով։
Հատկապես սրությամբ առանձնանում են հետևյալ խնդիրները՝
• ջրի անբավարար քանակի հասանելիություն,
• ջրի տարբեր քանակի մատչելիություն տարբեր բնակավայրերում, ինչպես նաև նույն բնակավայրի ներսում,
• մեծ հեռավորություն բնակելի տան և համայնքային աղբյուրի/ծորակի/հորի միջև,
• անմխիթար ճանապարհային ենթակառուցվածքներ դեպի ջրի աղբյուր,
• խոցելի խմբերի շահերի անտեսում,
• այլընտրանքային ջրամատակարարում սեփական ծախսերով և ջանքերով,
• անընդունելի գույն, համ և հոտ ջրի մեջ։
Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ խոշորագույն խնդիրներից մեկն այն է, որ չկա տեղեկատվություն ջրի որակի վերաբերյալ։
Գործնականում անտեսված է հանրության մասնակցության սկզբունքը։
Իրավունքների անհավասար վիճակ է ոչ միայն գյուղական և քաղաքային բնակչության միջև, այլ նաև՝ գյուղերի, և որոշ դեպքերում՝ նույն գյուղի բնակիչների միջև։ Սա պայմանավորված է մի շարք գործոններով՝ օրինակ՝ ռելիեֆով, բնակչի տան աշխարհագրական դիրքով, սոցիալ-տնտեսական վիճակով և դրանով պայմանավորված անհատական տարբեր հնարավորություններով։