Վերջին տարիներին Վրաստանի և Չինաստանի հարաբերությունները զարգանում են մի քանի առանցքային ուղղություններով՝ ընդգրկելով տնտեսություն, ենթակառուցվածքներ, մշակույթ և կրթություն։ Հունիսի 9-ից ուժի մեջ մտած դիպլոմների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը կարևոր շրջադարձային կետ է այս համագործակցության մեջ։
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սկսած հունիսի 9-ից, Վրաստանում պաշտոնապես ճանաչվում են չինական բարձրագույն կրթության դիպլոմները, իսկ վրացական դիպլոմները՝ Չինաստանում։ Համապատասխան համաձայնագիրն ուժի մեջ է մտել դրա հրապարակման պահից։
Խոսքը 2025 թվականի մայիսի 15-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների և դիպլոմների/վկայականների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի մասին է։ Այն կյանքի է կոչվել «Վրաստանի միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն։
Վրաց-չինական հարաբերությունների ընդհանուր հեռանկարների մասին զրուցել ենք միջազգայնագետ, Չինաստանի հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։
Ինչպե՞ս կգնահատեք վրաց-չինական հարաբերությունների ընթացիկ մակարդակը։ Որո՞նք են հիմնական ձեռքբերումներն այս հարաբերություններում վերջին տարիներին։
— Վերջին տարիներին վրաց-չինական հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են՝ ընդգրկելով տնտեսությունը, ենթակառուցվածքները, մշակույթը և քաղաքականությունը: Հիմնական նվաճումը 2023 թվականին ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր, որը հիմք է հանդիսանում Վրաստանի և Չինաստանի միջև երկկողմ համագործակցության խորացման համար:
Տնտեսական ոլորտում Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը 2017 թվականին Չինաստանի հետ ստորագրեց ազատ առևտրի համաձայնագիր, ինչը նպաստում է վերջին տարիներին առևտրաշրջանառության զգալի աճին: Չինաստանի ներդրումները հիմնականում ուղղված են ենթակառուցվածքներին, էներգետիկ ոլորտին և զբոսաշրջությանը: Ի դեպ, 2023 թվականին Վրաստանը Չինաստանի քաղաքացիների համար հաստատեց առանց վիզայի ռեժիմ, ինչպես նաև մեկնարկեցին երկրների միջև ամենօրյա չվերթներ: 2024 թվականի մայիսին Չինաստանը Վրաստանի քաղաքացիների համար նույնպես մտցրեց առանց վիզայի ռեժիմ: Այս գործոնը անշուշտ կնպաստի ինչպես զբոսաշրջության աճին, այնպես էլ երկու երկրների միջև գործարար կապերի զարգացմանը:
Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ տեղ ունի Չինաստանը։ Դիտարկու՞մ եք արդյոք, որ Վրաստանը խորացնում է կապերը Արևելքի, մասնավորապես Չինաստանի հետ։
— Չինաստանը կարևոր տեղ է զբաղեցնում Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության և որոշ արևմտյան երկրների հետ քաղաքական լարվածության ֆոնին։ Տնտեսական կապերի դիվերսիֆիկացման շրջանակներում Վրաստանը ակտիվորեն խորացնում է կապերը Արևելքի, մասնավորապես՝ Չինաստանի հետ։ Մասնավորապես, 2024 թվականին երկկողմ առևտրի ծավալը հասել է 1.65 միլիարդ դոլարի, մինչդեռ Վրաստանից Չինաստան արտահանումն աճել է 122%-ով։ Բացի այդ, Վրաստանը և Չինաստանը համատեղ ենթակառուցվածքային նախագծեր են իրականացնում, ինչպիսիք են նավահանգիստների կառուցումը և տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը, որոնք ուղղված են Վրաստանի տարանցիկ հնարավորությունների մեծացմանը։
Այնուամենայնիվ, Չինաստանի հետ կապերի խորացումը որոշակի մտահոգություններ է առաջացնում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համատեքստում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին համարում է իր գլխավոր մրցակից։ Վրաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն այս գործընթացների հնարավոր ազդեցությունը եվրաատլանտյան և եվրոպական ինտեգրման վրա՝ հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։
Երկու օր առաջ ընդունվեց Վրաստանի և Չինաստանի միջև դիպլոմների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը։ Ի՞նչ նշանակություն ունի այս փաստաթուղթը երկու երկրների կրթական ու գիտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
— Վրաստանի և Չինաստանի միջև դիպլոմների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև կրթական և գիտական համագործակցության զարգացման գործում: Այն նոր հեռանկարներ է բացում ուսանողների և ուսուցիչների համար՝ թույլ տալով նրանց սովորել և հետազոտություններ անցկացնել երկու երկրների համալսարաններում՝ առանց որակավորումների ճանաչման բարդ և երկարատև բյուրոկրատական ընթացակարգերի միջով անցնելու։
Համաձայնագրով նաև նախատեսվում է համատեղ կրթական ծրագրերի իրականացում և ակադեմիական փոխանակման ընդլայնում: Միևնույն ժամանակ, վերջին տարիներին վրացական դպրոցներում և համալսարաններում չինարեն լեզվի ուսումնասիրության նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ինչը նպաստում է մշակութային և կրթական կապերի խորացմանը։
Հարկ է նշել, որ համագործակցության նման ակտիվացումը Չինաստանի «փափուկ ուժի» ռազմավարության մի մասն է, որն ուղղված է չինական մշակույթի խթանմանը և ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասյան տարածաշրջանում Պեկինի ազդեցության ամրապնդմանը: Չինաստանն ակտիվորեն իրականացնում է նմանատիպ նախաձեռնություններ մշակութային և հումանիտար համագործակցության ոլորտում Հայաստանում և Ադրբեջանում։
Ի՞նչ հիմնական ոլորտներում եք տեսնում զարգացման պոտենցիալ՝ վրաց-չինական տնտեսական հարաբերություններում՝ հաշվի առնելով նաև կրթական համագործակցության ընդլայնումը։
— Ինչպես արդեն նշել եմ, գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և Վրաստանի ԵՄ-ին ինտեգրմանը խոչընդոտող այլ գործոնների ֆոնին, վրաց-չինական տնտեսական համագործակցության ներուժը արագորեն աճում է: Եթե խոսենք հիմնական ոլորտների մասին, կարելի է առանձնացնել չորս խոստումնալից ոլորտներ։
Առաջինը՝ առևտուրը։ Չինաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է։ Գինու, հանքային ջրերի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Չինաստան շարունակում է աճել։ Ծավալների ավելացմանը նպաստում է չինական շուկա մուտք գործելու պարզեցվածությունը։
Երկրորդը՝ տրանսպորտը և լոգիստիկան։ Վրաստանը կարևոր դեր է խաղում որպես լոգիստիկ կենտրոն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Նավահանգիստների և տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը մեծացնում է Վրաստանի տարանցիկ գրավչությունը ոչ միայն Չինաստանի, այլև այլ երկրների համար։ Բացի այդ, զբոսաշրջությունը և անշարժ գույքը խոստումնալից ոլորտներ են տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Մասնավորապես, վիզայի ազատ ռեժիմը և երկրների միջև ուղիղ չվերթները նպաստում են Չինաստանից զբոսաշրջային հոսքերի աճին, ինչպես նաև խթանում են ներդրումները հյուրանոցային ոլորտում և բնակելի շինարարության մեջ։ Ինչ վերաբերում է դիպլոմների ճանաչման համաձայնագրին, կարծում եմ, երկարաժամկետ հեռանկարում դա կարող է նպաստել տեխնոլոգիական պարկերի, հետազոտական կենտրոնների և համատեղ ստարտափերի ստեղծմանը, հատկապես կանաչ տեխնոլոգիաների և IT ոլորտում։