նորություններ 10 Հունիսի, 2025 • Գրիգոր Վարդիկյանի հիշատակին. «Փարոս» թերթի վերջին խմբագրի 95-ամյակը

Այսօր՝ հունիսի 10-ին, կլրանար «Փարոս» թերթի վերջին խմբագիր և վաստակավոր ուսուցիչ, լեզվաբան Գրիգոր Վարդիկյանի 95-ամյակը։ Նա, սակայն, չապրեց մինչ այս օրը։

Չորս տարի առաջ Jnews-ը իր ընթերցողներին ծանոթացրեց Մաջադիա գյուղից Վարդիկյանների ընտանիքի հետ։

Տունը, որտեղ ապրում էին Գևորգ Վարդիկյանը և նրա կինը, հարմարավետ էր և գրքաշատ։ Այդ ժամանակ Գրիգոր Վարդիկյանը մեզ ընդունեց՝ գեղեցիկ հագնված ու վայելչատես։ Դե իսկ նրա կինը՝ տիկին Ասյան, հայկական ավանդույթների համաձայն, անմիջապես անցավ հյուրերի համար հյուրասիրություններ պատրաստելուն։ Մենք ծանոթացանք մի մարդու հետ, ով իր ետևում ունեցել է լրագրության մեջ բազմաթիվ դժվարին և շրջադարձային պահեր, հետաքրքիր ընտանեկան կյանք և մասնագիտական փորձ։

Գրիգոր Վարդիկյանը կրթության և գիտելիքների աշխարհ իր ճանապարհորդությունը սկսել է գյուղական դպրոցից, ապա նրա առջև բացվել են քրտնաջան ուսումնառության և տարբեր պաշտոններում աշխատանքի բազմաթիվ տարիները, բայց նա սիրում էր նշել դրանցից միայն երկուսը՝ լրագրությունը և մանկավարժությունը։

Նա շուրջ 30 տարի աշխատել է հարազատ գյուղի դպրոցում, 15 տարի զբաղեցրել է դպրոցի փոխտնօրենի, իսկ 8 տարի՝ տնօրենի պաշտոնը։ Այդ ընթացքում իր մասնագիտության մեջ խորանալու բուռն ցանկությամբ լցված՝ Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայցող Գրիգոր Վարդիկյանը՝ պաշտպանել է գիտական թեզ, որի վերաբերյալ նրա 4 հոդվածները տպագրվել են Երևանում լույս տեսնող տարբեր ամսագրերի համարներում։

Վարդիկյանին 1982 թվականից նշանակում են Ախալքալաքի կուսշրջկոմի քաղլուսկաբինետի վարիչ, որից հետո նա ստանձնում է Ախալքալաքի «Փարոս» երկլեզու շրջանային թերթի խմբագրի պաշտոնը։ Նա «Փարոս» թերթին թղթակցել է շուրջ 32 տարի:

Նա ավելի քան 8 տարի դասախոսել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի խորհրդատվական կետում ու հենց այդ բուհի գիտխորհրդի որոշմամբ՝ 1998 թվականին արժանացել է դոցենտի գիտական կոչման։ Իսկ 2002 թվականին Վրաստանի «գիտելիք» ընկերությունը նրան շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում։ Բարձր և ըստ արժանավույն է գնահատվել Վարդիկյանի գործունեությունը, նա պարգևատրվել է բազում մեդալներով և շքանշաններով, այդ թվում՝ 2001 թվականին Վրաստանի նախագահի կողմից պարգևատրվել է պատվո շքանշանով։

Գրիգոր Սարգիսի Վարդիկյանը մահացել է երկու ամիս առաջ՝ ապրիլի 14-ին։ Նրա կինը՝ Ասյա Վարդիկյանը, տեղափոխվել է Ռուսաստան՝ որդու մոտ բնակվելու նպատակով։

• Ընթերցե՛ք Գրիգոր Վարդիկյանի մասին մանրամասն նյութը

• Դիտե՛ք Գրիգոր Վարդիկյանի մասին տեսանյութը

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝