նորություններ 19 Հունիսի, 2025 • Ախալքալաքի 3-րդ փողոցում չկա ջուր, կոյուղի և աղբամաններ

Ախալքալաքի ասֆալտապատ և լուսավորված փողոցներին նայելիս թվում է, թե քաղաքի բոլոր փողոցները վերանորոգված և բարեկարգված են, բայց կան փողոցներ, որտեղ մինչև օրս մարդիկ ջուրը դույլերով են կրում, աղբը թափելու համար անցնում են երկար ճանապարհ, անբարեկարգ ճանապարհի պատճառով անձրևոտ օրերին՝ ո՛չ մեքենայով են կարող տեղաշարժվել, ո՛չ էլ ոտքով։

Ախալքալաքում, քաղաքի թիվ N5  դպրոցի հետևի փողոցների բնակիչներն առաջնային բողոքում են ջրի և կոյուղու բացակայությունից, ճանապարհների անբարեկարգ վիճակից և աղբամանների չլինելուց։

Jnews-ը եղավ 3-րդ փողոցում և խոսեց բնակիչների հետ։ Նրանք բարձրաձայնեցին իրենց խնդիրերը, նշելով, որ տարիներ շարունակ պայքարում են ջուր և կոյուղու համակարգ ունենալու համար։

«Ես արդեն 3 տարի է ապրում եմ այստեղ, բայց ջուր չունեմ։ Ո՛չ ջուր, ո՛չ կոյուղի։ Ամուսինս միշտ գնում է քաղաքապետարան, այնտեղից ուղարկում են ջրամատկարարման ընկերություն, իսկ ջրամատակարարման ընկերությունից՝ քաղաքապետարան, ու այդպես էլ ոչ մի պատասխան չեն տալիս»,  — ասաց բնակիչներից մեկը, ով ցանկացավ մնալ անանուն։

poxoc 1

Նա պատմեց, որ փողոցում կան մի քանի տներ, ովքեր ունեն ջուր և իրենք էլ ամռանը խողովակներով օգտվում են այդ ջրից, իսկ ձմանը ստիպված են լինում ջուրը դույլերով կրել։ Ջրի խնդիրն առաջացնում է շատ այլ խնդիրներ, որոնցից է օրինակ լվացքի մեքենայի աշխատելու հարցը։ Բնակիչը պատմեց, որ լվացքի մեքենաների մեջ ջուրը լցնում են դույլերով։

Բնակիչը նաև նշեց, որ շատ անգամներ են դիմել քաղաքապետարան և ջրամատակարարման ընկերություն։

«Գնում ենք Մելքոնի (խմբ․՝ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյան) մոտ, ուղարկում է ջրամատակարարման ընկերություն։ Քաղաքապետն ասում է, որ ջրի հարցը իրենց գործը չի, իսկ ջրամատակարարման ընկերությունում էլ ասում են, որ Թբիլիսիից դեռ հրամանը չունեն»։
poxoc 2

3-րդ փողոցի բնակիչը պատմեց, որ անցած տարի հարևաններց մի քանիսը 1300 լարի մուծել են ջուր և կոյուղի քաշելու համար, բայց մինչև օրս ոչ մի բան չի արվել։

Վերջինս հավելեց, որ մոտ 2 տարի առաջ դիտահորեր են բերել, բայց այդպես էլ չեն շարունակել աշխատանքները։

«Դիտահորերը բերած լցված է, ինչու՞ չեն տեղադրում։ Դրանք 2 տարի է լցված են, ընտրությունների ժամանակ բերին լցրին ու մնաց», — ասաց նա, ավելացնելով, որ՝ «ընտրություններին չեմ էլ գնացել, ասեցի՝ թող գան քաշեն, գնանք ընտրենք»։

Բացի ջրի խնդրից 3-րդ փողոցի բնակիչները բարձրաձայնում են ճանապարհների և աղբամանների հարցը։

«Ճանապարհը հիմա է, որ չորացել է, էստեղ ցեխ է, քայլել չես կարող», — պատմեց բնակիչներից մեկը, ասելով, որ անձրևոտ օրերին իր տղան լացում է, քանի որ դպրոց գնալու ճանապարհին ոտքերը ցեխոտվում են։

Աղբամանների համար ևս 3-րդ փողոցի բնակիչները բողոքել են, նրանց պատասխանել են՝ մինչև ասֆալտ չլինի, աղբամանները չեն տեղադրվի։ Բայց այս ամենի հետ զուգահեռ, նրանցից աղբի փող են պահանջում։

«Աղբի գծով պատասխանատուն էլ գալիս ասում է փող տվեք, ասում եմ՝ ես աղբը էստեղ չեմ թափում, աղբաման չունենք, ինչի տամ աղբի փող»։

Ճանապարհների ոչ բարվոք լինելու պատճառով անգամ տաքսիները չեն գնում 3-րդ փողոց։ Կայանում են այնտեղ, որտեղ վերջանում է ասֆալտը։ Մնացած ճանապարհը բնակիչները ոտքով են անցնում։

Արաքսյա Շահինյանն արդեն 28 տարի է ապրում է այդ փողոցում՝ այս խնդիրների հետ մեկտեղ։ Ջրի հարցն իրենց համար էլ է խնդրահարույց,  բայց նրանք որոշ չափով գտել են «լուծում»։

«Մենք մեր ուժերով քաշել են հարևանից, բայց բարակ է, ամբողջ տարին ջրամղիչ պոմպով է, եթե ջրամղիչ պոմպ չեղավ ջուր չունենք», — ասաց Արաքսյան։

Նա նաև պատմեց, որ տարիներ առաջ խոստացել են ջուր քաշել, երբ, որ  փողոցի բնակիչները շատանան, բայց այսօր, երբ փողոցը բավականին բնակեցված է, էլի չեն լուծում խնդիրները։

Արաքսյան նշեց, որ կոյուղու խնդիրն ամռանը ավելի է սրվում։ Տան կոյուղին հենց տան բակում է, բաց տարածքում, ամառը այդտեղ ճահճանում է, գարշահոտ է գալիս, ինչպես նաև օձեր են հայտնվում։ Մի քանի անգամ դիմել են, որ իրենց ուժերով անցկացնեն կոյուղու համակարգը  և ջուր բերեն, սակայն նրանց ասել են, որ կտուգանեն։

poxoc 3

Նոր մանկապարտեզի կառուցման ժամանակ 3-րդ փողոցի բնակիչների մոտ հույս է արթնացել, որ իրնեց փողոցում ևս ջուր կքաշեն և կոյուղու համակարգ կանցկացնեն,  բայց ոչինչ չի արվել։

Jnews-ը դիմեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանին։

«Ջրամատակարումը քաղաքապետարանի իրավասությունների մեջ չի մտնում։ Երբ ջուրն ու կոյուղի լինի, այդ ժամանակ էլ մենք կունենանք ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը», — ասաց նա։

Այնուհետև, նույն հարցով մենք գրավոր դիմեցինք Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման ընկերությանը, որտեղից սպասում ենք պատասխանի և այն ստանալուն պես անմիջապես կհրապարակենք։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝