նորություններ 10 Հունիսի, 2025 • Դադեշի բնակիչները բողոքում են նոր ճանապարհի անհարմարություններից

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի բնակիչները բողոքում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տակով անցնող նոր ճանապարհի անհարմարություններից։ Հիմնական բողոքները վերաբերում են վատ տեսանելիությանը, անցման ցածր բարձրությանը և այն փաստին, որ նույն ճանապարհն օգտագործվում է և՛ մեքենաների, և՛ անասունների համար։

Նախկինում Դադեշ գյուղ տանող ճանապարհը հատում էր երկաթուղային գիծը։ «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ընկերությունը թույլ էր տալիս բնակիչներին երթևեկել երկաթուղով, մինչև անցյալ տարի այլընտրանքային երթուղին չկառուցվեց։ Այդ ժամանակվանից ի վեր հին ճանապարհով երթևեկությունն արգելված է։ Բնակիչները սկսեցին օգտվել նոր ճանապարհից 2024 թվականի վերջին։ Երկար ժամանակ նրանք չէին համաձայնում առաջարկվող այլընտրանքի հետ՝ այն համարելով անհարմար։ Վերջիվերջո, գյուղացիները համաձայնեցին, բայց այն պայմանով, որ նոր ճանապարհը կհամապատասխանի բոլոր չափանիշներին, սակայն ճանապարհը չարդարացրեց նրանց սպասելիքները։

Նշենք, որ Ախալքալաք-Կարծախ մայրուղուց դեպի Դադեշ գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատվել է 2022 թվականին, բացառությամբ երկաթուղու երկու կողմերում գտնվող 300 մետրի։

JNEWS-ը զրուցեց Դադեշ գյուղի բնակիչների հետ։ Նրանք ունեն երեք հիմնական բողոք՝ վատ տեսանելիություն, անցման ցածր բարձրություն, որը խոչընդոտում է գյուղատնտեսական տեխնիկայի տեղաշարժին, և այն, որ անասուններն ու մեքենաները ստիպված են օգտվել նույն ճանապարհից։

Դադեշ գյուղից Սեյրան Անգուրյանը շատ դժգոհ է ճանապարհից։

«Տեսանելիություն չկա։ Վարորդները միմյանց չեն տեսնում։ Շրջադարձ կատարելիս պետք է շատ զգույշ լինել, քանի որ չես կարող տեսնել, արդյոք հակառակ կողմից մեքենա գալիս է, թե ոչ։ Եթե խոտով բեռնված երկու բեռնատար հանդիպեն կամրջի տակ, խնդիր կառաջանա», — ասում է Սեյրան Անգուրյանը։

Այս տարի ձմեռը գյուղում ձյունառատ չէր, և ճանապարհը երկար չէր մնում փակ վիճակում։

Սպարտակ Մովսեսյանն ասում է, որ առավոտյան, եթե ճանապարհով անցնում է անասունների նախիրը, ստիպված են երկար սպասել, մինչև այն անցնի։

Դադեշ գյուղից Մանուշ Միքայելյանը տղամարդկանցից լսել է, որ ճանապարհը վատն է։

«Ձմռանը երեխաները վախով էին նոր ճանապարհով գնում գալիս։ Հանդիպակաց կողմի մեքենան տեսանելի չէ։ Բացի այդ, ճանապարհը բետոնե է ու անմիջապես սառցակալվում է։ Մեզ համար վիրավորական է, ինչու են մեզ հետ այսպես վարվել։ Ձմռանը, եթե անհրաժեշտ լինի շտապ հիվանդանոց գնալ, միշտ չէ, որ հնարավոր է այնտեղ հասնել», — ասում է Մանուշ Միքայելյանը։

Շոթա Հակոբյանը հավելում է.

«Ձմռանը այս ճանապարհով դժվար է մեքենա վարել, բայց ամռանը նորմալ է։ Բացի այդ, երբ այն ձյունը փակում է և գիշեր է, ստիպված ես սպասել մինչև առավոտ, քանի որ գրեյդերը գիշերը չի գալիս։ Իսկ եթե հիվանդին շտապ հարկավոր է հիվանդանոց հասցնել, ինչ պետք է անենք այդ դեպքում»։

Դադեշ գյուղի բնակիչ, Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը գյուղացիների բողոքները մեկնաբանում է հետևյալ կերպ․

«Կամրջի տակով անցնող հատվածը մի քիչ դարուփոս է արված, այնպես չէ, որ տեսադաշտ չկա, իսկ ինչ վերաբերում է բարձրությանը՝ կամուրջն արդեն կառուցված էր, և չէին կարող այն փոխել», — ասում է Արա Մովսիսյանը։

Հարցին, թե արդյոք հայելիների տեղադրումը կարող է բարելավել իրավիճակը, Արա Մովսեսյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ հայելին կօգնի այս դեպքում, չնայած կարելի է փորձել»։

Չնայած անհարմարություններին, Դադեշ գյուղի բնակիչները շարունակում են օգտվել նոր ճանապարհից։ Նրանք հույս ունեն, որ պատկան մարմինները հաշվի կառնեն իրենց բողոքները և միջոցներ կձեռնարկեն անվտանգությունն ու հարմարավետությունը բարելավելու համար։ Հակառակ դեպքում, նրանց խոսքով, իրավիճակը կարող է ավելի կրիտիկական դառնալ, հատկապես ձմռանը կամ արտակարգ իրավիճակներում։ Գյուղացիները պահանջում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ իրենց խնդիրները՝ լուծվեն։

Վերատպման կանոն