նորություններ 10 Հունիսի, 2025 • Բուղաշեն. կյանքը առանց ճանապարհների, ջրի և հարսանիքների

Բուղաշենում սովորական գյուղական չափավորության հետևում թաքնված է առօրյան՝ լի կենցաղային դժվարություններով ու խնդիրներով։ Բնակիչները սպասում են փոփոխությունների՝ ընտրությունից ընտրություն։ Տասնամյակներ շարունակ։ Զարգացման ձգձգվող սպասումը հանգեցնում է նրան, որ գյուղի բնակչությունը ծերանում է. գյուղացիները մտահոգված են, որ վերջին տարիներին գյուղում հարսանիքներ չեն եղել և նոր ընտանիքներ չեն ստեղծվել։
Շեղուղին տանում է Արագվա գյուղից դուրս։ Այնտեղ այն բաժանվում է երկու մասի. մեկը տանում է դեպի Զակ, ապա Բուղաշեն և հետո՝ Բալխո։ Չնայած ճանապարհի մի հատվածում կան հսկայական փոսեր, այնուամենայնիվ կա ասֆալտ։ Սակայն այս ասֆալտը շուտով ավարտվում է, և սկսվում է խորդուբորդ, փոշոտ ճանապարհը, որը ձգվում է մինչև Բուղաշեն գյուղ, ապա դեպի Բալխո։

Մեր Բուղաշեն այցելելու օրը՝ հունիսի 6-ին, գյուղում տոն էր՝ նշվում էր դպրոցի կառուցման տասը տարին։ Հին դպրոցը գտնվում էր վթարային վիճակում։ Գյուղ էին ժամանել հյուրեր հարևան Զակից, Բալխոյից, Գոմանից և Ախալքալաք քաղաքից։ Սովորաբար այս գյուղում այդքան էլ աշխույժ չէ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր գյուղերում կյանքը սովորաբար հանդարտ և չափավոր է։ Տղամարդիկ կանգնում են գյուղի կենտրոնում՝ խանութի մոտ, կանայք հավաքվում են բակերում կամ գնում են հյուր՝ սուրճ խմելու։ Ավագ սերունդը հոգ է տանում իր թոռների մասին՝ խոսելով դեսից-դենից, մինչդեռ կրտսեր սերունդը զբաղված է տնային գործերով։

Ախալքալաքի մունիցիպալիտետում կան գյուղեր, որտեղ համեմատաբար ավելի քիչ խնդիրներ կան, բայց կան նաև այնպիսիք, որտեղ բացակայում են տարրական կենսապայմանները՝ ջուր, գազ, ասֆալտապատ ճանապարհներ չկան։ Անկախության 30 տարիների ընթացքում Վրաստանը դեռևս չի կարողացել ասֆալտապատել գյուղեր տանող բոլոր ճանապարհները։ Շրջանում կա 64 գյուղ, դժվարամատչելի լեռնային տեղանք։ Գյուղական ներքին ճանապարհների ամբողջական ասֆալտապատման մասին դեռ խոսք էլ չկա։

buhashen - 1

Բալխո գյուղ տանող ճանապարհի կողքին գտնվող մի տան մոտ կանանց խումբ է նստած։ Տան կողքին արագիլի բույն է հյուսված։ Երեխաներն արևի տակ խաղում են, իսկ փողոցի մյուս կողմում եռուզեռ է՝ դպրոցը պատրաստվում է նշել իր տասնամյակը։ Այս իրադարձությունը, կարծեք, չի վերաբերում այս կանանց։ Նրանք շարունակում են քննարկել այն թեմաները, որոնք իրենց շատ ավելի են հուզում։ Գյուղում ծնելիության մակարդակը նվազել է, և երիտասարդները ընտանիք չեն կազմում։

— Գազ ու լույս կա, երեխաները հաճախում են Բարալեթի մանկապարտեզ։ Ամեն ինչ նորմալ է, բայց ճանապարհներն են վատ վիճակում, ասում է 50-ն անց մի կին։

— Ճանապարհը վատն է երկու ուղղություններով՝ և՛ մինչ քաղաք, և՛ մինչ գյուղ։ Ամենը քանդված է։ Ասում են՝ պետք է վերանորոգեն, տեսնենք, ավելացնում է մեկ ուրիշը։

Երբ կանանց հարցրինք, թե արդյո՞ք որևէ մեկը եկել է առաջիկա ընտրությունների կապակցությամբ, նրանք միաձայն պատասխանեցին.

— Ո՛չ, ո՞ւմ ենք մենք պետք…

— Բայց մենք միշտ գնում ենք ընտրությունների։ Ստաբիլ, կարգապահորեն։ Ես հանձնաժողովի անդամ էի։ Քվեարկել են բոլորը, ովքեր կարողացել են ձայն տալ։ Բոլորը գնացել են։ Հանդարտ էր ու հանգիստ, ասում է կանանցից մեկ ուրիշը։

Մի փոքր այն կողմ, դպրոցի բակում, տարբեր տարիքի տղամարդկանց մի խումբ՝ շրջանով կանգնած, քննարկում էին իրենց անհանգստացնող հարցերը։ Երբ հարցրինք գյուղի խնդիրների մասին, տղամարդիկ միաբերան պատասխանեցին՝ խմելու ջուրը և ճանապարհը։

— Հինգ տարի է՝ ասում են, որ պետք է ջուր անցկացնեն, բայց չեն անցկացնում։ Նրանք նաև խոստանում են ասֆալտապատել, բայց առայժմ միայն խոսում են։ Ամեն ինչ թանկ է։ Ստանում ես քո թոշակը, մինչև վերադառնում ես տուն՝ այն կարծես չի էլ եղել։ Ես կարտոֆիլ եմ ցանում 20 հար հողի վրա՝ ինձ համար։ Ինձ համար դժվար է, բայց ոչ ոք չկա, ով հողը կմշակի։ Եվ եթե նույնիսկ ավելի շատ ցանես, փաստ չէ, որ այս տարին նույնքան հաջողակ կլինի, որքան անցյալ տարին էր: Ամեն ինչ թանկ է, դժվար է գոյատևել։ Մի՞թե որևէ մեկին հետաքրքրում է, թե ինչպես են ապրում մարդիկ։ Մեկ կիլոգրամ վարունգն արժե 8 լարի։ Դե, ապրի՛ր այդ գումարով։ Ընդամենը 10 տարի առաջ մենք հարուստ էինք, իսկ հիմա աղքատ ենք։ Ի՞նչ կա այդ ընտրությունների մեջ։ Դատարկ ընտրություններ են՝ ընտրես թե չընտրես, ասում է Բուղաշենի թոշակային տարիքի բնակիչներից մեկը։

buhashen - 1

Մոտակայքում բնակվող մեկ այլ բնակիչ հավելեց, որ նախորդ ՏԻՄ ընտրություններից առաջ իրենք խոստացել էին ջուր անցկացնել և ասֆալտապատել ճանապարհը.

— Թող անեն այն, ինչ խոստացել են՝ ասֆալտը և ջուրը։ Գյուղի մի մասը խմելու ջուր չունի։ Խոստացել էին, բայց չեն արել։ Եթե ջուրը քաշեն Սամսարից, Բալխոյի կողմից, ապա գյուղի այն հատվածը, որը բարձունքի վրա է ապրում, նույնպես ջուր կունենա, ասում է Բուղաշենի բնակիչը։

Ընդհանուր առմամբ, Բուղաշենի բնակիչները դրական են գնահատում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, սակայն հավելում են, որ նախընտրական խոստումները դեռևս չեն կատարվել։

— Գյուղի 50%-ը ջուր չունի։ Մեկ այլ մասում ջուրը քիչ է՝ դույլերով են կրում։ Սկզբում ջուրն է պետք, հետո՝ ասֆալտը։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոնը (խմբ. Մակարյան) մեզ խոստացել է: Բնակչությունը վստահում է նրան։ Եթե չհավատային, ձայն չէին տա նրանց օգտին։ Ընտրությունները մոտենում են՝ խոստանում են։ Բայց նա մեր տղան է, ինչ անենք։ Նրանք բոլորը մերն են։ Նույնը վերաբերում է նաև Սամվելին (խմբ. Մանուկյան, խորհրդարանի պատգամավոր): Նրա մայրը Բուղաշեն գյուղից է, ասում է մեկ այլ բնակիչ։

Երբ Բուղաշենի տղամարդկանց հարցրինք, թե արդյո՞ք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այցելում են իրենց, նրանք միաբերան պատասխանեցին.

— Ոչ։

Եվ հետո նրանք ավելացրին, որ տարիներ շարունակ իշխող կուսակցության ներկայացուցիչներից բացի ոչ ոք չի գալիս իրենց մոտ։

— Ընդդիմությունից ոչ ոք չի գալիս, նրանք ոչ մի խոստում չեն տալիս։ Առաջ գալիս էին, իսկ հիմա՝ ոչ։

Դպրոցի կառուցման 10-ամյակի տոնակատարությունն ավարտվեց, գյուղացիները վերադարձան իրենց չափավոր կյանքին ու գյուղի խնդիրներին վերաբերող իրենց սովորական զրույցներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝