ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը օգտակար գործիք էր հասարակությանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ինտեգրման մասին տեղեկացնելու համար. սրանք գործողություններ և քայլեր են սխալ ուղղությամբ,- այս մասին հայտարարել է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անիտա Հիպերը՝ պատասխանելով Interpressnews-ի հարցին, թե ինչպե՞ս է Եվրամիությունը գնահատում Վրաստանում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը փակելու որոշումը։
Նրա խոսքով՝ կենտրոնի փակումը համընկնում է Վրաստանի իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ հարաբերությունները սահմանափակելու ուղղությամբ ձեռնարկված այլ միջոցառումների հետ։
«Մենք հետևում ենք վրացական իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի փակման և կենտրոնի գործառույթները Արտաքին գործերի նախարարությանը փոխանցելու գործընթացին։ Անցյալում կենտրոնը ծառայել է որպես օգտակար գործիք հանրությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրման մասին տեղեկացնելու համար։
Մենք նաև նշում ենք, որ [կենտրոնի] փակման մասին արված հայտարարությունը համընկնում է Վրաստանի իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ հարաբերությունները սահմանափակելուն ուղղված այլ միջոցառումների հետ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարության ընթացիկ վերակազմակերպման և դրա բազմաթիվ աշխատակիցների աշխատանքից ազատման մասին հաղորդագրությունների հետ։
Սրանք գործողություններ և քայլեր են արված սխալ ուղղությամբ։ ԵՄ-ն կշարունակի միջոցներ կիրառել՝ կրճատելով քաղաքական շփումները, դադարեցնելով վրացական իշխանություններին տրամադրվող ուղղակի օգնությունը, կասեցնելով դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող վրացի դիվանագետների, պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների համար առանց վիզայի ճանապարհորդությունը, ինչպես նաև աջակցելով քաղաքացիական հասարակությանը», — հայտարարել է նա։