նորություններ 9 Հունիսի, 2025 • Սուլդայում մատաղի հյուրասիրություն են կազմակերպել՝ կապված նոր դպրոցի կառուցման հետ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի բնակիչները կիրակի օրը մատաղ արեցին նոր դպրոցի շինարարության մեկնարկի կապակցությամբ։

Այդպիսով սուլդացիներն  իրենց շնորհակալությունն են հայտնում առ Աստված՝ խնդրելով օրհնել և խաղաղ ընթացք ապահովել դպրոցի շինարարական աշխատանքներին։ Գյուղացիները հավատում են, որ նման խորհրդանշական արարողությունները ոչ միայն հոգևոր զորություն են հաղորդում, այլև միավորում են համայնքի անդամներին՝ դարձնելով դրանք համախմբվածության ու համերաշխության խորհրդանիշ։

Սուլդայի  հանրային դպրոցի տնօրեն Ալբերտ Առաքելյանն իր խոսքում նշեց․

«Այսօր մեր գյուղի համար մեծ տոն է, մեծ հաղթանակ։ Վրաստանի կառավարությունը պատրաստվում է մեր գյուղում նոր դպրոց կառուցել, և դրա համար բոլորս շատ ենք ուրախացել։ Ի պատիվ այս կարևոր նախաձեռնության՝ որոշեցինք մատաղ անել՝ փառք տալու Աստծուն, որ զորավիգ լինի մեզ այս գործում։ Թող շինարարությունը հաջող ավարտ ունենա։ Մենք արդեն մի անգամ տեսել ենք՝ ինչ եղավ կիսատ մնացած դպրոցի հետ Խորհրդային Միության տարիներին։ Ուստի այս անգամ ուզում ենք, որ ամեն ինչ հասնի իր տրամաբանական ավարտին»։

f65fe976-b4cd-4e7c-9955-fb60f877efa7

Մատաղի հյուրասիրությանը ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ուժային կառույցների պատասխանատուներ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ։

Տեր Թադևոս քահանա Մկրտչյանն իր խոսքում ընդգծեց.

«Դպրոց կառուցելու համար երկու բան է անհրաժեշտ՝ ժողովրդի համաձայնությունը և Աստծո կամքը։ Մենք արդեն տեսնում ենք այդ երկուսը. հիմքերն ամուր են, և Տիրոջ կամքը մեզ հետ է։ Խնդրել ենք, որ Աստված օրհնի իշխանություններին ու բոլոր աշխատողներին, որպեսզի գործը կատարեն հաջողությամբ»։

Մատաղի հյուրասիրությունից հետո Սուլդայի դպրոցի աշակերտները հանդես եկան հայկական և վրացական երգ ու պարով՝ հուզիչ ու ոգեշնչող պահեր պարգևելով ներկաներին։

Նշենք, որ նոր դպրոցի շինարարությունը Սուլդայում ընթանում է ժամանակակից չափանիշներին համապատասխան։

Այս նախաձեռնությունը կարևոր փուլ է Սուլդայի կրթական և համայնքային զարգացման ճանապարհին։ Այն մեծապես նպաստելու է երիտասարդ սերնդի կրթական որակի բարձրացմանը՝ թույլ տալով երեխաներին զարգանալ և սովորել՝ առանց լքելու հարազատ գյուղը։

Հիշեցնենք, որ դպրոցի կառուցման մրցույթը շահել է «MC Group» ՍՊԸ-ն՝ 4 931 692 լարիով։ Դպրոցի շինարարության աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2026 թվականի հոկտեմբեր: Դպրոցի նոր շենքը երկհարկանի է լինելու՝ 2250 մ² ընդհանուր մակերեսով։

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն