նորություններ 7 Հունիսի, 2025 • Դադեշցի գորգագործն ազգային մրցույթում մրցանակ է շահել

«Դադեշ» կանանց ասոցիացիայի հիմնադիր և գորգագործ Օֆելյա Իսպիրյանն Ախալքալաքի մունիցիպալիտետից, զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում, մասնակցել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Վրաստանի ազգային հիմնադրամի համատեղ կազմակերպած մրցույթին։ Մայիսի 29-ին «Իմ ժառանգությունը» խորագրով անցկացված մրցույթի արդյունքների ամփոփումից հետո Օֆելյան արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին։

Օֆելյա Իսպիրյանը մրցույթի մասին իմացել է սոցիալական ցանցերից և որոշել է մասնակցել։ Մրցույթն անցկացվել է առցանց ձևաչափով։

«Ես այդքան էլ չէի հավատում, որ կհաղթեմ, բայց քանի որ արդեն ունեի պատրաստի ալբոմ, որում հավաքված էին բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել 2014 թվականից՝ ասոցիացիայի հիմնադրումից հետո, ես որոշեցի փորձել։ Ալբոմում ներկայացված էին իմ աշխատանքները, տեղեկություններ իմ ավագ ուսուցիչների մասին, հյուրերի, զբոսաշրջիկների և այլնի մասին։ Բացի այդ, մրցույթի խորագիրն ինքնին շատ խոսուն էր», — պատմում է Օֆելյա Իսպիրյանը։

ofelya2

Վերջինիս խոսքով, մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Վրաստանի տարբեր շրջաններից, ովքեր կապված են զբոսաշրջության ոլորտի հետ։ Օֆելյան միակ մասնակիցն էր Ջավախքից։ Նա մրցանակը ստացել է ձեռագործության ավանդույթները պահպանելու և այդ գիտելիքները ապագա սերունդներին փոխանցելու համար։

Օֆելյան տարրական դպրոցի ուսուցչուհի է, աշխատում է Դադեշ գյուղի դպրոցում։ Նա նախկինում ևս մասնակցել է բազմաթիվ մրցույթների։

«Մրցույթի նպատակն էր հնարավորություն տալ այս ոլորտում աշխատող մարդկանց շփվել միմյանց հետ և փորձով փոխանակվել։ Ընդհանուր առմամբ, ես մեծ հոգևոր բավարարվածություն եմ ստանում տարբեր մրցույթներին մասնակցելուց։ Ես աշխատում եմ ներքին բավարարվածության համար։ Գորգագործությունն իմ հոբբին է», — ասում է Օֆելյան։

Իր ալբոմում նա ներկայացրել է գորգագործների երեք սերունդ՝ իրեն, մայրիկին՝ Անիչկա Իսպիրյանին, և իր մոր ուսուցչուհուն։

ofelya3
Մայրիկի գործած գորգը

Ալբոմը սկսվում է նրանց լուսանկարներով։ Ցուցադրված էին նաև ջավախքյան մոտիվներով գորգեր, զարդանախշեր, կրոնական կերպարներ, դիմանկարներ, ինչպես նաև հեղինակային բնօրինակ աշխատանքներ։ Այսօր Իսպիրյանների ընտանիքում մեծանում է գորգագործների նոր սերունդ՝ Օֆելյայի թոռնուհին։

ofelya1
Կենտրոնում Օֆելյայի առաջին աշխատանքն է

Օֆելյան իր առաջին գորգը գործել է 1990-ականներին՝ 4-5 ամսում։ Նրա առաջին դիմանկարը դա ինքնանկարն էր, հետո նա գործեց մոր, հոր և մահացած եղբոր դիմանկարները։ Յուրաքանչյուր դիմանկարի վրա աշխատելու ժամանակը կախված է պատկերի բարդությունից և նրա ազատ ժամանակից։

xali
Ինքնադիմանկար

Օֆելյայի խոսքով, իր որոշ աշխատանքներ ինքը նվիրել է, բայց դրանք վաճառել դեռ չի պլանավորում, քանի որ ցանկանում է ստեղծել զբոսաշրջային կենտրոն, որտեղ ուզում է ցուցադրել իր գորգերը։

«Ես դեռ չեմ մտածում վաճառելու մասին, քանի որ, նախ, մարդիկ դեռ չեն գնահատում այս աշխատանքները իր իրական արժեքով, և հետո Ես ուզում եմ ստեղծել ուսումնական կենտրոն, հուշանվերների խանութ, ցուցասրահ, ու այդ կառույցը հիմնելու համար ինձ անհրաժեշտ են իմ աշխատանքները, ինձ ամենքը յուրովի պետք են, նրանցից յուրաքանչյուրն իր ձևով յուրահատուկ է», — բացատրում է վարպետը։

ofelya4

Դադեշ գյուղի մի հարմարավետ սենյակում, Օֆելյան տեղադրել է իր աշխատանքները։ Սենյակի պատերից կախված են նրա գորգերն ու մոր աշխատանքները։ Սենյակի կենտրոնում տեղադրված է ջուլհակահաստոցը, որը պատրաստված է նրա էսքիզներով, քանի որ մորից ժառանգած հին հաստոցն արդեն շարքից դուրս է եկել։

Կենտրոնը ունի այցելուների գրքույկ, որտեղ հյուրերը թողնում են իրենց մեկնաբանությունները։ Սակայն վերջին տարիներին գրանցումները նվազել են։ Օֆելյայի կենտրոնը ներառված է Վրաստանի զբոսաշրջային պաշտոնական երթուղում, սակայն, նրա խոսքերով, զբոսաշրջիկները դժվարությամբ են այն գտնում։ Նա խնդրում է տեղական իշխանություններին ցուցանակ տեղադրել Ախալքալաք-Կարծախ մայրուղու՝ Դադեշ գյուղ տանող ճանապարհի մոտ։

«Խոսքը ֆինանսի մասին չէ։ Ես ուղղակի ուզում եմ, որ ցուցանակը տեղադրվի պաշտոնապես, որպեսզի այն լուրջ ընկալվի։ Ես բազմիցս դիմել եմ տեղական իշխանություններին, բայց բոլոր նամակները մնացել են անպատասխան», — ասում է գորգագործը։

Նրա խոսքով, թեպետ հազվադեպ, բայց «Դադեշ» կանանց ասոցիացիայի կենտրոնն ունենում է այցելուներ՝ դպրոցականներ, անհատ զբոսաշրջիկներ, որոնք նրա մասին իմանում են ինտերնետի միջոցով։

ofelya

Օֆելյա Իսպիրյանի պատմությունը պարզապես պատմություն չէ ստեղծագործության մասին, այն վկայություն է այն մասին, թե ինչպես կարող են նվիրվածությունը գործին և սերը մշակույթի նկատմամբ հզոր հետք դառնալ երկրի մշակութային քարտեզի վրա։ Չնայած դժվարություններին, Օֆելյան շարունակում է ոգեշնչել, կրթել և ստեղծագործել, յուրաքանչյուր գործվածքի մեջ հյուսել ոչ միայն թելերը, այլև հոգին։ Դադեշում գտնվող նրա կենտրոնը կենդանի հիշողություն է, ավանդույթ և հույս դեպի ապագան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝