Ախալքալաքի մունիցիպալիտետում Աբուլ, Մոդեգամ և Բուզավեթ գյուղերում ընթանում են գազիֆիկացման գործընթացներ, ինչպես նաև սկսվել է Մեծ և Փոքր Սամսար գյուղեր տանող գլխավոր գազատարի անցկացումը։
Գազիֆիկացման խնդիրը մունիցիպալիտետում ամենակարևորներից մեկն է, որտեղ տները տարվա մեծ մասը ջեռուցման կարիք ունեն։ Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղերից 18-ը մնացել են առանց գազիֆիկացման՝ Մոդեգամ, Գոգաշեն, Ափնիա, Քարսեպ, Ազմանա, Հոկամ, Էրինջա, Դավնիա, Խավեթ, Դադեշ, Սուլդա, Բոզալի, Ֆիլիպովկա, Կարծախ, Թախչա, Աբուլ, Բուզավեթ, Փոքր Սամսար և Մեծ Սամսար:
Աբուլ, Մոդեգամ և Բուզավեթ գյուղերի գազիֆիկացման խնդիրը գրեթե լուծված է, գազը հասցվել է գյուղեր, մնում է աշխատանքներ իրականացնել գյուղերի ներսում։ SJGC-ի տնօրեն Վրեժ Բերիկյանի խոսքով, այս տարի գազը կհասնի և՛ Մեծ, և՛ Փոքր Սամսար։
Չնայած այն հանգամանքին, որ թույլտվությունը պետք է տրամադրի քաղաքապետարանը, ընկերությունը՝ համաձայնեցնելով դա վարչակազմի հետ, արդեն մեկ ամիս առաջ սկսել է աշխատանքները՝ տաք եղանակը բաց չթողնելու համար։
«Մենք դիմել ենք քաղաքապետարան և տրամադրել ենք բոլոր նախագծերը, չնայած դեռևս որևէ թույլտվություն չենք ստացել։ Բայց նույնիսկ եթե սկսենք առանց դրա, դա խնդիր չի լինի քաղաքապետարանի համար։ Մենք ավարտել ենք Բուզավեթ տանող գլխավոր գազատարի աշխատանքները և սկսել ենք գյուղի ներսում գազատարի անցկացումը։ Աբուլ գյուղ տանող գազատար է նաև անցկացվել, մնում է միայն ներքին ցանցերը տեղադրել, այս աշխատանքները մենք կավարտենք առաջիկա օրերին։ Մենք 2-3 օրից կավարտենք Մոդեգամ գյուղ տանող գազատարի անցկացումը, գյուղի ներսում աշխատանքներն արդեն սկսվել են։ Իսկ այսօր մենք սկսում ենք փոս փորել Մեծ և Փոքր Սամսար գյուղեր տանող գազատարի համար», — պատմեց Վրեժ Բերիկյանը։
Մեծ և Փոքր Սամսար գյուղերի ուղղություններով տվյալ գյուղերին գազ մատակարարելուց հետո չգազիֆիկացված կմնա միայն Վաչիանից մինչև թուրքական սահման ուղղությունը։ SJGC-ն նախատեսում է սկսել նաև այս ուղղությամբ գլխավոր գազատարի անցկացումը։
«Մենք նաև նախատեսում ենք այս տարի գլխավոր գիծ անցկացնել։ Դեռ չենք սկսել, քանի որ նախագծային փաստաթղթերի պատրաստման գործընթացում ենք։ Կքաշենք գիծը դեպի Վաչիան տանող ճանապարհը՝ Չամդուրա գյուղի տարածքում (200-րդ գծի հատվածը), ապա կշարունակենք այնտեղից։ Այս գիծը կհասնի մինչև երկաթուղային կայարան և կմիանա Նինոծմինդայի գծին», — հայտնեց նա։
Մունիցիպալիտետում գազիֆիկացման աշխատանքներ նախկինում էլ էին իրականացվել, բայց ոչ այսչափ ինտենսիվ։
«Անկեղծ ասած, հայտնվեցին հովանավորներ, որոնք հետաքրքրվեցին և որոշեցին աջակցություն ցուցաբերել՝ այս մեծ ծավալի աշխատանքի մի մասը ստանձնելու համար։ Առանց այս օգնության մեզ համար շատ դժվար կլիներ ֆինանսապես։ Նախագծի ծախսերի մոտավորապես 35-40%-ը հոգացել են հովանավորները։ Փոփոխություններ են եղել նաև ղեկավարության շարքերում. ներկայիս սեփականատերերը շահագրգռված են աշխատանքների հնարավորինս արագ ավարտով», — հավելեց Վրեժ Բերիկյանը։
Աբուլ, Բուզավեթ, Մոդեգամ, ինչպես նաև Մեծ և Փոքր Սամսար գյուղերի գազիֆիկացմանը զուգընթաց կլուծվի այդ գյուղերի բնակիչների վաղեմի և հրատապ խնդիրներից մեկը, որոնք տարեցտարի կրկնել են բնական գազին վերաբերող իրենց խնդրանքները։