Պարտադիր գենդերային քվոտաների վերացման պատճառով Ախալքալաքի սակրեբուլոյում կին պատգամավորները կլինեն արդյոք ընտրացուցակներում հարցականի տակ է դրվել։ Չէ՞ որ գենդերային քվոտաների շնորհիվ 2021 թվականին շրջանի օրենսդիր մարմին է մտել 7 կին։ Հայրապետական հասարակությունում, որտեղ քաղաքականությունը համարվում է տղամարդկանց գործ, կանանց ակտիվ մասնակցությունն առաջնահերթություն չէ ո՛չ տղամարդ, ո՛չ էլ կին հատվածի համար, այն ապահովված է եղել օրենսդրությամբ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի վերջին նիստի ժամանակ, երբ քննարկվում էր պաշտոնական փաստաթղթերում «գենդեր» բառը փոխարինելու հարցը, ընդդիմադիր պատգամավորներից մեկը իր գործընկերներին հարց ուղղեց «գենդերային քվոտաների» մասին, մասնավորապես հետաքրքրվելով՝ արդյոք դրանք կկիրառվեն 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Սա ցույց է տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմինների ոչ բոլոր ներկայացուցիչները տեղյակ են դրանց չեղարկման մասին, չնայած քվոտաները կարևոր դեր են խաղացել քաղաքականությանը կանանց մասնակցությունն ապահովելու գործում՝ թե՛ մունիցիպալ, թե՛ պետական մակարդակներում։
Վրաստանում քաղաքականությունն ավանդաբար ընկալվում է որպես տղամարդկանց ոլորտ, սակայն վերջին տարիներին, գործող գենդերային քվոտաների շնորհիվ, կանայք կարողացել են ներկայացվածություն ձեռք բերել տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք նախկինում գրեթե ամբողջությամբ կազմված էին տղամարդկանցից։
Այնուամենայնիվ, իրավիճակը կարող է փոխվել առաջիկա ՏԻՄ ընտրություններում։ Գենդերային քվոտաների վերացման հետ մեկտեղ, մնում է անհասկանալի, թե ինչպես են կազմվելու թեկնածուների համամասնական և մեծամասնական ընտրացուցակները։ Կան մտահոգություններ, որ առանց օրենսդրական աջակցության մեխանիզմների կանանց մասնակցությունը քաղաքականությանը կարող է կրկին նվազել։
Անցյալ տարի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության նախաձեռնությամբ Վրաստանի խորհրդարանը մեծամասնության ձայներով՝ 85 «կողմ» և 22 «դեմ» ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ։ Փոփոխությունների համաձայն՝ քաղաքական կուսակցություններն ազատվեցին ընտրական ցուցակներ կազմելիս գենդերային քվոտաները պահպանելու պարտավորությունից։ Նախկինում գործող կանոնը սահմանում էր, որ կուսակցական ցուցակի յուրաքանչյուր երրորդ տեղը պետք է հատկացվի կնոջը։
Փոփոխության ընդունումից առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր խորհրդարանական «Գիրչի» կուսակցության միջև համաձայնություն էր ձեռք բերվել։ Համաձայնության շրջանակներում «Վրացական երազանքը» աջակցեց «Գիրչիի» նախաձեռնությանը՝ վերացնելու գենդերային քվոտաները, մինչդեռ «Գիրչին» խոստացավ քվեարկել «Վրացական երազանքի» կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջարկվող թեկնածուի օգտին։
2018 թվականի սկզբին խորհրդարանը մերժեց գենդերային քվոտաներ մտցնելու մասին օրինագիծը։ Սակայն, 2020 թվականին ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնք կուսակցական ցուցակներում կանանց համար սահմանեցին 25 տոկոս քվոտա։ 2023 թվականի փետրվարին Վրաստանի խորհրդարանն երկարաձգեց պարտադիր գենդերային քվոտաները մինչև 2032 թվականը։ Նաև պարզաբանվեց, որ խորհրդարանական ընտրություններում՝ սկսած 2024 թվականի հոկտեմբերի 26-ից և մինչև 2028 թվականը, ցուցակում չորս թեկնածուներից բաղկացած յուրաքանչյուր խմբում պետք է լինի առնվազն մեկ կին (և ոչ թե պարզապես հակառակ սեռի անձ)։
2018 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում առաջին անգամ ընտրվեցին կանայք՝ ընդամենը երկուսը, բայց նույնիսկ սա բավարար էր իրավիճակը փոխելու համար։ Իրավիճակն էլ ավելի փոխվեց 2021 թվականին. այդ ժամանակ քվոտաների շնորհիվ յոթ կին դարձան Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորներ։
Կանանց տեղական մակարդակով քաղաքականությանը մասնակցության համար գենդերային քվոտաների կարևորությունը հասկանալու համար մեջբերենք որոշ թվեր։ Ընդհանուր առմամբ, Ջավախքում 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին ընտրացուցակներով մասնակցել է 493 թեկնածու, որոնցից 223-ը կանայք էին։ Մեծամասնական ընտրացուցակներով ընտրություններին մասնակցել է 53 թեկնածու, որոնցից միայն 7-ն էին կանայք։ Ախալքալաքում և Նինոծմինդայում նույնպես քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 6 թեկնածու, որոնցից միայն մեկն էր կին։
2021 թվականի ընտրություններն առաջին ՏԻՄ ընտրություններն էին, որոնց ընթացքում ներդրեց քվոտավորում. ընտրացուցակում ընդգրկված յուրաքանչյուր երրորդ թեկնածուն պետք է լիներ հակառակ սեռի ներկայացուցիչ։ Նախկինում կուսակցությունները հաճախ կին թեկնածուներին տեղադրում էին իրենց ցուցակների վերջում, ինչը զգալիորեն նվազեցնում էր նրանց ընտրվելու հնարավորությունները։ Որոշ քաղաքական կուսակցություններ որոշեցին կամ ընդհանրապես չներառել կանանց իրենց ցուցակներում, կամ ընտրություններից հետո հանել նրանց թեկնածությունները։ Սակայն 2021 թվականին այս ուղղությամբ նույնպես փոփոխություններ կատարվեցին. եթե կինը հանում էր իր թեկնածությունը, նրան պետք է փոխարիներ նույն սեռի թեկնածուն, այսինքն՝ ցուցակում հաջորդ կինը։
Հիշեցման արժանի ևս մեկ մանրամասնություն. 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում «Գիրչի» կուսակցությունն ընտրություններից հետո ամբողջությամբ հեռացրեց բոլոր կանանց իր ընտրացուցակներից։ Փաստացի, նրանց փոխարինող չկար՝ միայն տղամարդիկ էին։ Սա դարձավ սահմանված նորմը շրջանցելու միջոց։ Որպեսզի սա չկրկնվեր, 2021 թվականին օրենքում մտցվեց անցումային դրույթ. եթե կուսակցությունը հեռացնի բոլոր կանանց իր ընտրացուցակից, այն ամբողջությամբ կհանվի գրանցումից։
Այդուհանդերձ, անցյալ տարի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը հասավ այս հարցում փոփոխությունների և, իշխող կուսակցության աջակցությամբ, հասավ գենդերային քվոտաների վերացմանը։ Հետևաբար, մնում է անհասկանալի, թե ինչպիսին կլինեն տեղական ինքնակառավարման մարմինները և արդյոք կանայք կմասնակցեն ընտրություններին։