Ծալկայում կկառուցվի նոր զվարճանքի այգի: Վրաստանի գեղեցիկ բնությունը, որը գրավում է ոչ միայն տեղացիներին, այլ նաև օտարերկրացիներին, հնարավորություն է տալիս նորություններ մտցնել և գոհացնելով մարդկանց նորանոր ծրագրերով։
Վերջին տարիներին Ծալկայում կառուցված «ադամանդե» կամուրջը զարգացրեց տուրիզմը և անտարբեր չթողեց ոչ մի այցելուի։ Այս անգամ, նույն տարածքում կկառուցվի զվարճանքի կենտրոն։ Այս մասին հայտնում է BM.GE կայքը։
Այս տարի՝ 2025 թվականի հունիսին, Ծալկայում՝ KASS LAND-ի տարածքում, կբացվի բոլորովին նոր զվարճանքի այգի, որը պետք է դառնա Վրաստանի և Արևելյան Եվրոպայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, — այս մասին հայտնել է KASS LAND ընկերության գլխավոր տնօրեն Եկատերինե Թորդիան վերոնշյալ կայքի հետ հարցազրույցում։
Նախագծի գլխավոր ներդրողը Kass Group հրեական ընկերությունն է, որը հայտնի է իր նորարարական և ժամանակակից չափանիշներին համապատասխանող նախագծերով:
Այգու հիմնական առավելությունը կլինի տարածաշրջանում ամենաերկար քարթինգի (մրցուղի) ուղին, որը համապատասխանում է միջազգային, մասնավորապես՝ եվրոպական չափանիշներին և նախատեսված է ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ մրցարշավորդների՝ այդ թվում՝ երեխաների և դեռահասների համար։
Բացի քարթինգից, այգու հիմնական նորամուծություններից մեկը կլինի 30 մետրանոց ջրային ատրակցիոնը, որտեղ հյուրերը կկարողանան սահել նավակի վրա: Հատկանշական է, որ նման չափի և կոնցեպցիայի ատրակցիոն Վրաստանում երբեք գոյություն չի ունեցել:
«Այգու գլխավոր նորույթը կլինի ամենաերկար քարթինգի մրցուղիներից մեկը, որը հատուկ նախագծված է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Տարածաշրջանում նման մրցուղի երբեք չի եղել. այն համապատասխանում է եվրոպական չափանիշներին և նախատեսված է թե՛ մասնագետների, թե՛ սկսնակների համար», — ասել է ընկերության գլխավոր տնօրենը։
Եկատերինե Թորդիայի խոսքով՝ այգու հայեցակարգը նախագծված է այնպես, որ ամեն օր սպասվում է մեծ թվով այցելուների հաճախություն։
«Միջազգային պրակտիկայի համաձայն՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում ստանդարտ զվարճանքի այգիները օրական ներգրավում են 1000-ից 2500 մարդ։ Մեր այգու դեպքում, իր յուրահատուկ կոնցեպտի շնորհիվ, սպասումները շատ ավելի բարձր են, հատկապես ամռանը և հանգստյան օրերին», — նշել է Թորդիան։
Նրա խոսքով՝ այգին ընդգրկում է մեծ տարածք և նպատակ ունի ակտիվորեն ներգրավել ինչպես տեղի բնակչությանը, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նախագիծը կխթանի տեղական տնտեսությունը և կակտիվացնի Ծալկայի շրջանը զբոսաշրջության առումով։
Ինչ վերաբերում է ֆինանսական մանրամասներին, թե որքան գումար է ծախսվել ատրակցիոնի վրա և որքան կարժենա զվարճանքի տարածքի օգտագործումը, դրանք դեռևս ճշտվում են։