նորություններ 5 Հունիսի, 2025 • Ու՞մ վրա չի տարածվի FARA-ի վրացական համարժեքը

Վրաստանում մայիսի 31-ից ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հասարակության մեջ հայտնի է որպես «Վրացական FARA»: Օրենքը առաջացրել է լայն քննարկումներ և մտահոգություններ, հատկապես անկախ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների շրջանակներում։ Շատերն այն համարում են սահմանափակող քայլ՝ ուղղված քաղաքացիական հասարակության և ազատ մամուլի դեմ։

Ի տարբերություն ամերիկյան համանուն՝ FARA-ի (Foreign Agents Registration Act) օրենսդրության, որը նպատակ ունի վերահսկել օտարերկրյա լոբբիստների գործունեությունը, վրացական տարբերակն ուղղված է այն անձանց ու կազմակերպություններին, որոնց գործունեությունը որևէ կերպ կապված է օտարերկրյա ֆինանսավորման կամ ազդեցության հետ։ Օրենքը պարտադրում է գրանցման, փաստաթղթերի հրապարակման և տարեկան ֆինանսական հաշվետվությունների ներկայացման պահանջներ։

Ըստ օրենսդրության՝ այն տարածվում է ցանկացած անձի վրա, որը գործում է որպես օտարերկրյա «պրինցիպալի» (այսինքն՝ պետության, կազմակերպության կամ անձի) ներկայացուցիչ, խորհրդատու կամ աշխատակից, մասնակցում է քաղաքական գործընթացներին կամ հանդես է գալիս հանրային կապերի ոլորտում՝ օտարերկրյա շահերից ելնելով։ Օրենքի խախտման դեպքում նախատեսվում է մինչև հինգ տարի ազատազրկում կամ տուգանք, իսկ իրավաբանական անձանց համար՝ խոշոր ֆինանսական տույժեր։

Օրենքի կիրառումն իրականացնում է նորաստեղծ հակակոռուպցիոն բյուրոն։ Սա ևս մի հանգամանք է, որը մտահոգություն է առաջացրել անկախ կազմակերպությունների մոտ՝ կապված վերահսկողության թափանցիկության և հնարավոր քաղաքական շահարկումների հետ։

Այս համատեքստում արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին, որ օրենքը նրանց վրա չի տարածվում։ Համապատասխան նամակի ստացման մասին «Ազատություն»  ռադիոկայանին տեղեկացրել են դեսպանատներից և միջազգային կազմակերպություններից երեք անկախ աղբյուրներ։ Նույնիսկ նախարարությունը հաստատել է այդ փաստը։

«Հետևյալ անձինք ազատված են ինչպես FARA-ի շրջանակներում գրանցման պահանջից, այնպես էլ հակակոռուպցիոն բյուրոյի սահմանած ազատման ձևերը ներկայացնելու պարտավորությունից», — նշված է եղել նախարարության ուղարկած նամակում։

Չնայած այս պարզաբանումներին, օրենքի ազդեցության մակարդակը դեռ մնում է անհասկանալի և օրենսդրական նորության քննադատները շարունակում են պնդել, որ օրենքը կարող է բացասաբար ազդել երկրում ժողովրդավարական զարգացման վրա՝ սահմանափակելով արտահայտվելու ազատությունն ու քաղաքացիների մասնակցությունը հասարակական կյանքին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝