2025 թվականի հունիսի 1-ից Վրաստանի բոլոր ավտոկայանները Ցամաքային տրանսպորտի գործակալությունից պետք է ստանան վկայական։ Դրա համար նրանք պարտավոր են համապատասխանել տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Նորարարությունը վերաբերում է նաև Ախալքալաքի ավտոկայանին։ Սակրեբուլոյի նիստում պատգամավորները հավանություն տվեցին այն տարածքին, որը կծառայի որպես մունիցիպալիտետի ավտոկայան, ինչպես նաև հաստատեցին այն բնակավայրերի ցանկը, որոնց համար ավտոկայանից դեպի այնտեղ մեկնումը պարտադիր չէ։
Վկայական ստանալու պահանջներից մեկը մունիցիպալիտետի պաշտոնական համաձայնությունն է, որոշակի տարածք որպես ավտոկայան օգտագործելու համար։ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի 2025 թվականի մայիսի 30-ին կայացած նիստում պատգամավորները հաստատեցին նման տարածք՝ այն ավտոկայանի ներկայիս տարածքն է։ Նոր կանոնակարգերը պատգամավորներին ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։
Հաստատվեց նաև, թե մունիցիպալիտետի որ բնակավայրեր տրանսպորտային միջոցների մեկնումն ավտոկայանից պարտադիր չէ։ Ախալքալաքի մունիցիպալիտետում դա 17 վարչական միավորներն են՝
Ազավրեթ, Ալաստան, Գոգաշեն, Կումուրդո, Դիլիսկա, Զակ, Կարծախ, Կարտիկամ, Կոթելիա, Կաջո, Հոկամ, Պտենա, Սուլդա, Տուրցխ, Խավեթ, Խանդո, Խոսպիո։
Բացի այդ, տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում, սկսած 2025 թվականի հունիսի 1-ից, մինչև 150 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերի միջև միջքաղաքային ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն բացառապես ավտոբուսներով։ Առաջին փուլում այս պահանջը վերաբերում է միայն խոշոր քաղաքներին։