նորություններ 3 Հունիսի, 2025 • Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Վերջին օրերին նոր թափ է ստացել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև լարվածությունը։ Հանրային դիսկուրսի կենտրոնում են հայտնվել վարչապետի՝ եկեղեցու ու հոգևորականների հասցեին արած խիստ քննադատական և հայհոյախառն հայտարարությունները, որոնց հետևել է եկեղեցու պաշտոնական արձագանքը՝ խիստ հայտարարությամբ։

Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում մի շարք գրառումներ է արել, որտեղ վիրավորական և բացարձակապես անհարիր բառապաշարով անդրադարձել է եկեղեցուն:

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից, որի ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց այս իրավիճակին։ Ընդունվեց հայտարարություն, որը խստորեն դատապարտում է վարչապետի վարքագիծը՝ այն որակելով որպես հակաեկեղեցական արշավ։ Հայտարարության մեջ նշվում է, որ նման խոսույթը ոչ միայն վիրավորում է հավատացյալների կրոնական զգացմունքները, այլև խաթարում է ազգի միասնությունը և ծառայում է արտաքին հայատյաց ուժերի շահերին։

«Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»:

Ըստ Գերագույն հոգևոր խորհրդի՝ վարչապետի պահվածքը սպառնալիք է ինչպես Հայաստանի պետականությանը, այնպես էլ սփյուռքի և հայրենիքի միջև հոգևոր-ազգային կապերին։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ եկեղեցու հարցերը կարող են լուծվել միայն եկեղեցական կանոնադրության շրջանակում և դուրս են քաղաքական իշխանությունների իրավասությունից։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու իր հոգևոր և ազգապահպան առաքելությունը՝ անկախ քաղաքական ճնշումներից։

«Աղոթում ենք առ Փրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության և առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը և պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով», — կարդում ենք հայտարարության մեջ:

Այս նոր փուլը եկեղեցու և իշխանության հարաբերություններում ոչ միայն խորացնում է 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված լարվածությունը, այլև հանրության մեջ հարուցում է մտահոգություն ազգային հիմնասյուների ապակայունացման հնարավոր վտանգների շուրջ։ Եկեղեցու կոչը՝ լինել միաբան և չտրվել սադրանքներին, ընդգծում է իրավիճակի լրջությունը։ Իրադարձությունների հետագա զարգացումը, հավանաբար, մեծ ազդեցություն կունենա թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հանրային մտածողության և համախմբման մակարդակում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝