նորություններ 2 Հունիսի, 2025 • Ո՞ր խնդիրներն են լուծվել, իսկ որոնք են մնացել մունիցիպալիտետում 4 տարվա ընթացքում

Արդեն 4 տարի է անցել տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններից, որոնք պետք է աշխատեին ի օգուտ մունիցիպալիտետի։ Jnews-ը զրուցել է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի հետ այս ընթացքում ձեռք բերված արդյունքների և չլուծված խնդիրների մասին։

Սակրեբուլոյի նախագահը կարծում է, որ կառույցի աշխատանքի արդյունավետությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի համակարգված աշխատանքով։ Նաիրի Իրիցյանի խոսքով՝ ներկայիս կառավարության օրոք մունիցիպալիտետում մեծ աշխատանք է կատարվել. ի հայտ են եկել զբոսայգիներ և պուրակներ, կառուցվել են ճանապարհներ, իրականացվել են այլ նախագծեր։

«Ես կարծում եմ, որ մենք աշխատանքներ ենք վարել բոլոր այն խնդիրների ուղղությամբ, որոնց մասին բնակիչները մեզ ասել են հանդիպումների ժամանակ։ Քաղաքը նախկինում այնքան շատ զբոսայգիներ ու պուրակներ չուներ, որքան վերջին չորս տարիների ընթացքում։ Այն գյուղերում, որտեղ նախկինում աղբահանություն հասկացությունը գոյություն չուներ, այսօր չկա նույնիսկ մեկը, որտեղ այս ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում։ Ճանապարհների բարեկարգման աշխատանքներն ընթանում են գրեթե բոլոր գյուղերում. մնացել է ընդամենը 5-6 գյուղ, որոնց համար արդեն կան նախագծեր, բայց մենք այս տարի չենք կարողանա սկսել աշխատանքները։ Վերջին մի քանի տարիների ընթացքում վերանորոգվել են գյուղեր տանող 2-3 մեծ կամուրջներ», — ասում է Նաիրի Իրիցյանը։

Նա նշում է, որ չորս տարիների ընթացքում դեռևս չի հաջողվել լուծել մունիցիպալ տրանսպորտի, թափառող շների և ոռոգման համակարգի հետ կապված խնդիրները։

«Այս տարի մենք կունենանք միայն երկու ավտոբուս, որոնք կսկսեն երթևեկել դեպի գյուղեր։ Իհարկե, սա բավարար չէ 64 գյուղի համար, բայց տեսնենք, թե ինչպես կաշխատի այս տարածքը զբաղեցնող նոր ԱՁ-ն (անհատ ձեռնարկատերը)։ Մենք նաև նախատեսել էինք նահանգապետարանի հետ համատեղ կառուցել մարզային շնաբուծարան։ Յուրաքանչյուր մունիցիպալիտետ պետք է միջոցներ հատկացներ, բայց, ցավոք, այս աշխատանքը չիրականացվեց։ Մենք ապահովում ենք կենդանիների տեղափոխումը և ստերջացումը, բայց սա լիարժեք լուծում չի հանդիսանում։ Ինչ վերաբերում է ոռոգմանը, ապա անհնար է ամբողջ մունիցիպալիտետի տարածքն ապահովել ոռոգման համակարգով։ Պետական համակարգը լավ է աշխատում, իսկ մենք առանձին գյուղերում կառուցում ենք փոքր ջրավազաններ», — հավելեց նա։

Սակրեբուլոյի նախագահը նշեց, որ այս խնդիրները պահանջում են կենտրոնացված մոտեցում՝ դրանց լուծման նպատակով, և մունիցիպալիտետի ռեսուրսները հաճախ անբավարար են լինում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝