Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:
Հայաստանի իշխանությունների և եկեղեցու հարաբերությունները կրկին լարվել են: Մի քանի օր է, ինչ սոցցանցերում ակտիվորեն քննարկվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու և հոգևորականների մասին գրառումները, որոնցում նաև հայհոյանքներ էին տեղ գտել:
Վարչապետի առաջին գրառումը այնքան անսպասելի էր, որ մարդիկ նույնիսկ կարծել էին, թե նրա էջը կոտրել են: Գրառումները, սակայն, շարունակվեցին, ինչը բոլորին համոզեց՝ իսկապես Փաշինյանն է հրապարակում դրանք:
Շատ քաղաքացիներ մեկնաբանել են ֆեյսբուքյան այս գրառումները։ Ոմանք աջակցում էին վարչապետին։ Սակայն օգտատերերի մեծ մասը մերժելի և անընդունելի համարեց վարչապետի կողմից նման բառապաշարի օգտագործումը: Որոշները նույնիսկ հիշեցնում էին Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից իրականացվող «Կրթվելը նորաձև է» արշավն ու մեկնաբանում․ «Այ քեզ նորաձև կրթություն»:
Քննադատությունների ալիքը, սակայն, չկանգնեցրեց Փաշինյանին: Վարչապետը մինչև անգամ պնդեց, թե՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ թեկնածուները պետք է բարեվարքության ստուգում անցնեն:
«Սա իհարկե «կոմպրոմատային շանտաժ» չէ ինչ-որ անանուն կամ անբարեպաշտ հոգևորականի: Ազդակ է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն անձին՝ կաթողիկոսին»,- կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Չի բացառում, որ վարչապետը կփորձի կաթողիկոսի ընտրության հարցում վճռորոշ ձայն ունենալը դարձնել նախընտրական «խոստում» կամ նույնիսկ «արդյունք»:
Իշխանություն-եկեղեցի հարաբերությունների լարվածությունը սկսվել է 2020 թ.-ի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Այն ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Վարչապետի ֆեյսբուքյան գրառումների շարքին նախորդել էր կառավարության նիստ, որի ժամանակ նա հայտարարել էր, թե եկեղեցիները «չուլանացված են», այնտեղ անպետք իրեր են պահվում: Հոգևորականները քննադատել էին «չուլան» արտահայտությունը: Մայր աթոռի դիվանապետը նշել էր, թե՝ «բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակվսծ» կրթության պակասը»: Գուգարաց թեմի աջանորդը վարչապետին երկրի գլխավոր ցավագար էր անվանել, Սյունյաց թեմի առաջնորդն էլ նշել էր, որ նման բառապաշարը ծառայում է «հանրային գիտակցության մեջ սրբազան երևույթների արժեզրկմանը»: