նորություններ 16 Հունիսի, 2025 • Ջավախքցի երիտասարդները կրթություն են ստանում ԱՄՆ-ում

Չնայած հանդիպող դճվարություններին, ջավախքցի երիտասարդները չեն կորցնում իրենց ձգտումը և շարունակում են հասնել մեծ հաջողությունների։ Երկու երիտասարդ՝ Արշակ Աբաջյանը և Ռաֆիկ Պապոյանը, իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում, հնարավորություն են ստացել կրթությունը շարունակել Ամերիկայում։

Արշակ Աբաջյանը 21 տարեկան է, ծնվել և մեծացել է Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղում։ 2022 թվականին դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի համակարգչային գիտությունների բաժինը։

arshak 1

Համալսարանական առաջին տարիներին նա մեծ եռանդով սովորել է նաև անգլերենը, ինչի արդյունքում, օգտվել է հնարավորությունից, սովորել ևս մեկ նոր համալսարանում։

«Երկու տարվա ուսումից հետո, անգլերենի իմացության, բարձր առաջադիմության և մի շարք քննություններ հանձնելու շնորհիվ, հնարավորություն ստացա տեղափոխվելու San Diego State University (Սան Դիեգոյի պետական համալսարան)՝ կրկին անվճար համակարգում։ Այժմ միաժամանակ սովորում եմ երկու համալսարանում։ Կուրսով համարժեք՝ երկրորդ կուրսում։ Համատեղելով ուսումս և նպատակ ունենալով ավարտել և ստանալ երկու բակալավրի աստիճան», — պատմում է Արշակը։

Բարդությունների մասին խոսելիս նա շեշտում է՝ դժվարությունները սկսվել են իր մոտ տարիներ առաջ, երբ դեռ փոքր էր։ Դրանք կապված են եղել ուսումնական ռեսուրսների ոչ բավարար լինելու, լեզվական միջավայրի սահմանափակումների և գյուղական համայնքի պամանների հետ։

«Ինձ համար յուրաքանչյուր դժվարություն զարգանալու հնարավորություն է», — ասում է Արշակը, շարունակելով խոսել անցած ուղու մասին։

«Օրինակ՝ անգլերենը, սկզբում մեծ փորձություն էր։ Չկար խոսակցական միջավայր, մասնագետներ կամ պրակտիկա։ Բայց ես գտա օնլայն հարթակներ և աշխատեցի ինքնուրույն։ Վերջին 8 ամսում տարբեր մասնագետների հետ աշխատեցի, որոնց շնորհիվ ոչ միայն հաղթահարեցի այս խոչընդոտը, այլև ստացա անգլերենի վկայական՝ մասնագետի կարգավիճակով IELTS 7 միավոր (C1 level)», — կիսվում է Արշակ Աբաջյանը։

Վերջինս հաջողությունների մասին խոսելիս նշում է ոչ միայն համալսարանական կրթությունը, այլ նաև դպրոցական տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Նա մեծ հաջողությունների է հասել շախմատի, բռնցքամարտի և անգլերեն լեզվի ոլորտում։ Նա ընդգծում է, որ շախմատը իր մեջ ձևավորել է վերլուծական մտածողություն և սովորեցրել է, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակից էլ կարելի է ելք գտնել, եթե կա հստակ պատկերացում և ճշգրիտ հաշվարկ։

«Շախմատը ինձ համար պարզապես խաղ չի եղել։ Մտածել մի քայլ առաջ, գնահատել ռիսկը և գործել մտածված։ Այն ինձ սովորեցրեց ռազմավարություն ոչ միայն խաղատախտակի վրա, այլև կյանքում ընտրել ճիշտ ժամանակը, կառուցել երկարաժամկետ հեռանկար և հասնել նպատակներին մեթոդաբար ու համառությամբ», — ասում է Արշակը։

arshak 2

Իսկ հաջողությունների մասին խոսելիս նշում է․ «Ամենամեծ հաջողությունս համարում եմ այն, որ ընկերոջս հետ միասին դարձանք առաջին հայ ուսանողները Ջավախքից, ովքեր ընդունվեցին Սան Դիեգոյի պետական համալսարան։ Այդ ճանապարհը դռներ բացեց ոչ միայն մեզ, այլև ապագա ուսանողների համար»։

Կա արդյո՞ք վախ Ամերիկայում ապրելու և սովորելու հետ կապված Արշակը պատասխանում է՝ ոչ, քանի որ նա դա ընկալում է ոչ թե որպես փորձություն, այլ նոր հնարավարություն, ծանոթանալու և ուսումնասիրելու նոր երկիր, նոր մշակույթ և նոր մարդկանց։

«Իմ նպատակն այնքան հստակ է, որ տեղ չի թողնում վախի համար։ Ամերիկա տեղափոխվել սովորելու համար, դա ինձ համար մեծ ճանապարհ է, դեպի կայուն ու գիտակցված աճ և ես կօգտագործեմ իմ այս հնարավորությունը 4-րդ կուրսում»,- վստահեցնում է մեր հերոսը

Արշակն ունի հստակ ձևավորված նպատակների շարան։ Բացի նրանից, որ նա ցանկանում է հասնել բարձրունքների իր մասնագիտական ոլորտում՝ թե ուսման, թե մասնագիտական կարիերայի մեջ, այլ նաև նպատակ ունի ավարտել նոր սկիզբ տված հեղինակային գիրքը՝ «Ամեն ինչ սկսվեց Քեզանից»։

Մյուս երիտասարդը, ով նույնպես հաղթահարելով բազում դժվարություներ, շարժվել է առաջ՝ Ռաֆիկ Պապոյանն է։ Նա 21 տարեկան է, ծնունդով՝ Նինոծմինդայի շրջանի Օրլովկա գյուղից։ Սովորել է գյուղի դպրոցում, որն ավարտել է 2022 թվականին՝ ոսկե մեդալով։ Հիմա սովորում է Ամերիկայի Սան Դիեգո համալսարանում, ծրագրավորման ուղղությամբ, սեպտեմբերին կսովորի 3-րդ կուրսում։ Այս համալսարան Ռաֆիկը տեղափոխվել է Թբիլիսիի պետական համալսարանից։ նրա համար բարձրագույն կրթություն ստանալը միշտ եղել է առաջնային։

rafik 1

«Դպրոցական վերջին տարիներին աշխատում էի միայն համալսարան ընդուվելու ուղղությամբ, պարապում էի, որպեսզի լավ հանձնեի ազգային քննություները և բարձր բալերով ընդունվեի Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան», — պատմում է Ռաֆիկը։

Ի տարբերություն շատ ուսանողների, Ռաֆիկը դպրոցական տարիներից էլ տիրապետում էր վրացերենին։ Տեղափոխվելով առաջին կուրս ընտրել է մասնագիտությունը և սկսել աշխատել, որ օր-օրի ավելի հմտանա և խորանա իր ընտրած մասնագիտության մեջ։ Հետագայում, ունենալով բարձր առաջադիմություն ստացել է առաջարկ ուսումը շարուանկել վերոնշյալ համալսարանում։

«Ուսման ընթացքում ստացա առաջարկ, ուսումը շարունակել Ամերիկյան համալսարանում՝ նույն մասնագիտությամբ։ Ուսուցումն անգլերենով է, և նույն ստանդարտներն ունի, ինչ Ամերիկական Սան Դիեգո համալսարանում, բայց այդ բոլոր դժվարությունները դրեցի մի կողմ և ռիսկի դիմելով ընդունեցի առաջարկը, քննություններ հանձնեցի ու ընդունվեցի։ Հանձնեցի անգլերենի որակավորման սերտիֆիկատի թեստ (Duolingo), առանց որի ուսումս չէի կարող շարունակել», — հիշում է Ռաֆիկ Պապոյանը։

Նա պատմում է, որ դեռ պատանեական տարիներից է երազել Ամերիկայում սովորելու, և որևիցե համալսարանի ուսանող դառնալու մասին։ Երազանքին հասնելու համար քայլեր ձեռնարկել է դեռ դպրոցական տարիներից։ Մասնակցել է Flex ծրագրին, բայց հասել է մինչև 2-րդ փուլ։ Ամերիկայում սովորելու հետ կապված վախերի մասին նա ասում է․ «Վախեր, բնականաբար լինում են, կյանքում նոր փուլ մտնելով, բայց Ամերիկայում սովորելն ավելի շատ մոտիվացնում է»։

Ռաֆիկի երազանքներից մեկն է, որ սովորի Եվրոպական որևիցե համալսարանում։ Չնայած ուսման հետ ձևակերպած նպատակներին, նա չի ուզում աչքաթող անել նաև աշխատանքը։ Ցանկանում է համատեղել աշխատանքը և ուսումը, որպեսզի ստացած գիտելիքները օգտագործի պրակտիկլայում։

Բացի կրթության ոլորտում ունեցած հաջողություններից, նա նաև հաղթանակներ է տարել սպորտում։ Կարատեում նվաճել է բազում մեդալներ, ինչպես նաև 16 տարեկան հասակում դարձել է միջազգային առաջնության չեմպիոն։ Հաջողությունների է հասել նաև MMA սպորտաձևում։

rafik 2

Արշակը և Ռաֆիկը լավ օրինակ են երիտասարդների համար։ Անցնելով բազում դժվարությունների միջով, նրանք հետ չեն կանգնել իրենց նպատակից, ընդհակառակը՝ պայքարել են մինչև վերջ, ձգտելով հասնել ավելիին։

Նրանց հորդորը երիտասարդներին հետևյալն է․

«Իմ խորհուրդն է նոր ընդունված ուսանողներին՝ ընտրեք ավելի դժվար ուղին և այդ ուղով փորձեք կոփվել և ավելի շատ բան կսովորեք։ Մեզ տրված այս 4-5 տարին ամենամեծ հետքն է թողնելու մեր հետագա կյանքի վրա, ճիշտ օգտագործեք այդ ժամանակը։ Չհանձնվեք ոչ մի դժվարությունից, քանի որ դժվարություններն են մեզ ուժեղ դարձնում», — ասում է Ռաֆիկը, ով պատանեական տարիքից է ձևակերպել նպատակները և պայքարել դրանց հասնելու համար։

Իսկ, ուսման մեջ արդեն շատ հաջողությունների հասած Արշակ Աբաջյանը խորհուրդ է տալիս․ «Ամենամեծ խորհուրդսէ՝ մի սահմանափակեք ինքներդ ձեզ։ Դուք կարող եք ավելին, քան կարծում եք։ Աշխատասիրությունը և հետևողականությունը շատ դեպքերում ավելի մեծ արդյունք են տալիս, քան պարզապես տաղանդը։ Սովորեք լեզուներ, զարգացրեք ինքնուրույն մտածելու ունակությունը և ամենակարևորը՝ երբեք մի հանձնվեք ու վստահեք ինքներդ ձեզ»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝