Այս տարի Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան հոկտեմբերի 4-ին։ Քաղաքական կուսակցությունների հաշիվներում արդեն գրանցվել են Ֆինանսական մուտքեր։ «Transparency International Georgia»-ի (Միջազգային Թափանցիկություն – Վրաստան) տեղեկատվության համաձայն, 2025 թվականի մայիսի 30-ի դրությամբ հանգանակություններ ստացել են միայն երեք կուսակցություն։
1. Իշխող «Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան» կուսակցություն
2025 թվականին կուսակցությունն արդեն ստացել է 4 356 170 լարի նվիրատվություն։ 2024 թվականի նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմում է 15 643 257 լարի։
Ամենախոշոր նվիրատվությունը կազմում է 60 000 լարի (25 մարդու կողմից): Եվս 55 000 լարի ստացվել է 6 անձից։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նվիրաբերել է 12000 լարի։
2. «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցություն
2025 թվականի մայիսի 30-ի դրությամբ կուսակցությունը ստացել է 31 930 լարի։
Ամենամեծ նվիրատվությունը կազմում է 6885 լարի։
Կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան նվիրաբերել է 2997 լարի։
3. «Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն»
Մայիսի 30-ի դրությամբ կուսակցությունը ստացել է 14 080 լարի։
Ամենամեծ նվիրատվությունը կատարել է կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին՝ 7500 լարի։
TI Georgia-ի տեղեկատվության համաձայն, 2025 թվականին, դեռևս նվիրատվություններ չեն ստացել՝ «Վրաստանի հայրենասերների դաշինք», «Նոր քաղաքական կենտրոն — Գիրչի», «Լելո — Վրաստանի համար», «Եվրոպական Վրաստան — Ազատության շարժում», «Միացյալ ազգային շարժում» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցությունները։
Մինչ օրս ոչ մի ընդդիմադիր կուսակցություն, բացի «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունից, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին չի հայտարարել։
Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարանական կուսակցությունները ընտրություններին կարող են մասնակցել առանց գրանցման։
Մնացած կուսակցությունները պարտավոր են գրանցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամկետներում։