Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալված է հինգ մարդ։ Նրանցից երեքը հայեր են՝ Արտեմ Ազատյանը, Գիորգի Ազատյանը և Ախալքալաքի բնակիչ, Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։ Արթուրի ընտանիքն ու հարազատներն փորձում են օգնություն ստանալ Հայաստանի իշխանություններից և Ռուսաստանի հայկական կազմակերպություններից, սակայն, նրանց խոսքով, բոլոր ջանքերն ապարդյուն են։ Նրանք ասում են. «Ոչ մեկին չի հետաքրքրում, որ նա անմեղ է»։
Թերջանյանի կինը դեռևս 2024 թվականին նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետի գրասենյակ, այն վերահղվել էր տարբեր ատյաններ, և, արդյունքում նա պատասխան էր ստացել, որում նշվում էր, որ Հայաստանի պետական մարմինները ոչ մի կերպ չեն կարող օգնել։
«Գործի նախաքննությանը և(կամ) դատական քննությանը միջամտելը, քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործողությունների և(կամ) անգործության օրինականության մոնիթորինգը չի մտնում ԱԳՆ գործառութային իրավասության մեջ»։
Ինչպես Արթուրի կինն է ասում, նրանք կապ են հաստատել նաև Ռուսաստանում սփյուռքի ներկայացուցիչների հետ, բայց ոչ ոք չի հետաքրքրվում Արթուրի ճակատագրով։
«Մենք դիմել ենք Պետական անվտանգության ծառայությանը, Հայաստանի դատախազությանը և Ներքին գործերի նախարարությանը։ ՌԴ-ում դիմել ենք Ռուսաստանի հայերի միությանը (ՌՀՄ)։ Ոչ մեկից պատասխան չենք ստացել։ Միայն Հայաստանից ենք պատասխան ստացել, որ իրենք չեն կարող օգնել։ Հայաստանը հրաժարվել է օգնել իր քաղաքացուն։ Իսկ ՌՀՄ-ում, դատավարությունից առաջ, ասում էին, որ ամեն ինչ լավ կլինի, որ կօգնեն, բայց հետո, երբ գործը հասավ դատարան, դադարեցին զանգերին պատասխանել», — ասում է Ժենյա Թերջանյանը։
Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ին, ժամը 06:03-ին։ Կամրջի ավտոմոբիլային հատվածում պայթել է պոլիէթիլենային թաղանթների մեջ թաքցված 21 տոննա պայթուցիկ նյութով լցված բեռնատար։ Պայթյունի հետևանքով փլուզվել են կամրջի երեք թևերը, հրդեհ է բռնկվել անցնող գնացքի յոթ ցիստեռններում և զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ բեռնատարի վարորդ Մահիր Յուսուփովը։
Ձերբակալվածների թվում էր Ախալքալաքի բնակիչ Արթուր Թերջանյանը։ Մեքենան, որը նա վարում էր որպես վարձու վարորդ, հետևում էր Վրաստանը, Հայաստանը և Ռուսաստանը ներառող երթուղուն։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է բեռնատարի երթուղու նկարագրությունը։ Նշվում է, որ բեռը ենթարկվել է ռենտգենյան զննման, որը որևէ սպառնալիք չի հայտնաբերել։ Բեռը ստուգվել է և, Մաքսային միության դասակարգման խախտումների բացակայության պատճառով, մաքսազերծվել՝ ստանալով ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
Այդ ժամանակ Արթուր Թերջանյանը նոր էր սկսել զբաղվել միջազգային բեռնափոխադրումներով։ Սկզբում նա գործում ներգրավված էր որպես վկա։ Ութ մեղադրյալներից ոչ մեկը չի ընդունել ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեջ իր մեղքը։ Փաստաբանների խոսքով՝ գործում չկա որևէ ապացույց, որ մեղադրյալները գիտեին պայթուցիկների մասին կամ մտադիր էին ահաբեկչական հարձակում իրականացնել։ Այնուամենայնիվ, նրանց գործողությունները Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության կողմից որակվել են որպես պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերում և ահաբեկչական գործողության կատարում մի խումբ անձանց կողմից՝ նախնական դավադրությամբ (Ռուսաստանի Դաշնության ՔՕ 222.1 հոդվածի 4-րդ մաս, 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետ):