Վերջին օրերին Վրաստանի սոցիալական հարթակներում կրկին ակտիվորեն քննարկվում է հակահայկական հռետորաբանության խնդիրը։ Այս անգամ դեպքը կապված է փաստաբան Անա Ժղենտիի հետ, ում մի քանի տեսանյութեր, հրապարակված TikTok հարթակում, առաջացրել են վրդովմունք` ինչպես հասարակության որոշ շերտերում, այնպես էլ Վրաստանի հայ համայնքում։ Հայատյաց հռետորաբանության մեղադրանքները ոչ միայն տարածվել են ինտերնետում, այլ նաև հանգեցրել են կոնկրետ իրավական գործողությունների։ Բողոքարկվող տեսանյութերի մեջ խոսվում է Ջավախքի սեպարատիզմի վաղուց փակված թեման։
Վրաստանի հայ համայնքի» նախագահ Արթուր Միրզոյանի ֆեյսբուքյան էջից կարդում ենք
«Հերթական աղմուկն է բարձրացվել հայատյացության շուրջ, որը տարածվել է Tiktok հարթակում։ Իհարկե, նման դեպքերը շատ են և անհնար է բոլորին օրենքով պատասխանատվության ենթարկել, բայց հաշվի առնելով, որ այս անգամ փաստաբանի կողմից էր, որը նաև Վրաստանի փաստաբանների միության անդամ է, մենք դիմել ենք փաստաբանների միության էթիկայի բաժնին և սպասում ենք իրենց ճիշտ արձագանքին»։
Jnews-ը կապ հաստատեց Միրզոյանի հետ, ով հաստատեց, որ դիմում է ներկայացրել Փաստաբանների ասոցիացիայի էթիկայի հանձնաժողով:
«Հակահայկական հայտարարությունները շատ են, սոցիալական հարթակներում մենք չենք հետևում ամեն մեկի ասածին, բայց հաշվի առնելով, որ կոնկտետ այս դեպքը եղել է Փաստաբանների ասոցիացիայի անդամ փաստաբանի կողմից, մենք դիմել ենք հենց կազմակերպությանը, իրենցից ակնկալելով ճիշտ արձագանքի դեպքի առթիվ, ելնելով կանոնադրությամբ սահմանված գաղտնիության պահպանման նորմերից, այս պահի դրությամբ կարող եմ միայն ասել այն, որ գործը դեռ ընթացքի մեջ է»:
Jnews-ը կապ հաստատեց նաև փաստաբան Անա Ժղենտիի հետ, ով այս ամենը որպես սադրանք է վերագրում և ասում, որ այդ տեսանյութերի մեջ նա ոչ թե փաստաբան, այլ Վրաստանի քաղաքացի է հանդես գալիս, որտեղ փորձում է պաշտպանել իր երկիրը և հաստատում է, որ որոշ տեսանյութերի մեջ խոսել է առանց էմոցիաները կառավարելու:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք փաստաբանի կարծիքով Ջավախքում առկա է սեպարատիզմ նա պատասխանեց, որ բոլորի մասին չի կարող միանշանակ ասել, բայց սոցիալական հարթակներում առկա տեսանյութերից և մեկնաբանություններից ելնելով կարծում է, որ սեպարատիստական մտածողության մարդիկ կան, և կոչ է անում բոլորին Վրաստանն ընկալել որպես իրենց պետություն:
Ինչ վերաբերվում է իր դեմ Փաստաբանների ասոցիացիա ներկայացված հայցին, փաստաբանի խոսքով,սա նրանց քննարկման գործը չէ, իսկ այլ մանրամասների մասին նա չցանկացավ խոսել:
Մինչ հայկական համայնքը սպասում է էթիկայի հանձնաժողովի արձագանքին, TikTok-ի նման հարթակներում ատելության խոսքի տարածման խնդիրն ավելի ու ավելի հաճախ է վերածվում հանրային ճնշման ալիքի։ Հարցը մնում է բաց՝ ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ, որպեսզի սոցիալական հարթակներում հանրային խոսքը դուրս չգա քաղաքակիրթ քննարկման սահմաններից։