Ախալքալաք-Կարծախ միջպետական ավտոճանապարհի երկու անանցանելի հատվածների վերանորոգումը մոտ օրերս պետք է սկսվեր, սակայն այսօր, մայիսի 31-ին այնտեղ իրականցվել են հարթեցման աշխատանքներ։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ճանապարհը հարթեցվում է խնդրին ժամանակավոր լուծում տալու համար, սակայն մնում է բաց այն հարցը, թե արդյո՞ք վերանորոգումը կրկին ձգձգվելու է:
Այս ճանապարհի վիճակը առաջացնում է դժգոհություն թե՛ տեղական բնակչության, և թե՛ միջպետական բեռնափոխադրումներ կատարողների շրջանում։
Վրաստանի Ճանապարհային վարչությունը երկու էլեկտրոնային մրցույթ է հայտարարել՝ ճանապարհի երկու հատվածի վերակառուցման նպատակով։ Մրցույթների արդյունքում հաղթող են ճանաչվել երկու ընկերություն․
«ՋավախԱվտո գզա» ընկերությունը վերանորոգելու է Ախալքալաք-Կարծախ ճանապարհի կմ 3-ից մինչև կմ 7.8 հատվածը։ Նախագծի արժեքը կազմում է 2,772,000 լարի։
«Արալի» ընկերությունը իրականացնելու է կմ 8.8-ից մինչև կմ 16 հատվածի վերակառուցման աշխատանքները։
Եթե «ՋավախԱվտո գզա» ընկերության հետ պայմանագիրը կազմվել էր դեռ անցած ամիս, և ընկերությունից Jnews-ին հայտնել էին, որ աշխատանքները արդեն պետք է սկսեն, ապա «Արալի» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2025թ․ մայիսի 16-ին: Այս ընկերությունը նախագիծը իրականացնելու է 7,278,560.00 լարիով: Հարկ է նշել, որ այս մրցույթում սկզբից հաղթող էր համարվում «ՋավախԱվտո գզա» ընկերությունը, քանի որ նույն աշխատանքը առաջարկել էր անել զգալիորեն ցածր գնով՝ 4,488,000 լարիով։ Սակայն երկար ժամանակ պայմանագիրը չէր կնքվում, և արդյունքում կնքվեց երկրորդ կազմակերպության հետ:
Ախալքալաք-Կարծախ ճանապարհի անմխիթար վիճակը բազմիցս դարձել է քննարկման թեմա: Այդ հատվածը հանդիսանում է կարևոր միջպետական կապ՝ Վրաստանի և Թուրքիայի միջև, և դրա վատ վիճակը լուրջ խնդիրներ է առաջացնում ինչպես տեղական բնակիչների, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների համար։