նորություններ 31 Մայիսի, 2025 • Վրաստանը մեկ տարվա ընթացքում ընդունել է 4 սահմանափակող օրենք

Մեկ տարվա ընթացքում Վրաստանի իշխանություններն ընդունել են քաղաքացիական կամ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող չորս օրենք։ Դրանցից մի քանիսն արդեն ուժի մեջ են մտել, մյուսները կգործարկվեն մոտ ապագայում։

Առաջինն այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքն էր, որի համաձայն բոլոր ոչ կառավարական կազմակերպություններն ու լրատվամիջոցները (որոնց բյուջեի ավելի քան 20%-ը ֆինանսավորվում է օտարերկրյա կազմակերպության կողմից) պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա ուժերի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Զանգվածային բողոքի ցույցերից և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ռեգիստրում գրանցվելուց հրաժարվելուց հետո իշխանությունները որոշեցին խստացնել օրենսդրությունը։

Այնուհետև, այս տարվա ապրիլի 1-ին, ընդունվեց նոր օրենք, նույնանման ամերիկյան FARA-ին (Foreign Agents Registration Act), որը կարգավորում է սուբյեկտին որպես օտարերկրյա պրինցիպալի գործակալ գրանցելու հարցերը, բայց որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու համար օգտագործում է մի փոքր այլ հիմքեր, քան առաջին օրենքը։ Այս օրենքը ուժի մեջ կմտնի ընդունումից 60 օր հետո, այսինքն՝ 2025 թվականի հունիսի 1-ին։

Մեկ այլ սահմանափակող օրենք է «Հեռարձակման մասին» օրենքը։ Այն կարգավորում է ինչպես հեռուստատեսության և ռադիոհեռարձակողների խմբագրական քաղաքականությունը, այնպես էլ դրանց ֆինանսավորումը։ Փոփոխությունները նույնպես ընդունվել են խորհրդարանի կողմից 2025 թվականի ապրիլի 1-ին և ուժի մեջ կմտնեն նախագահի կողմից ստորագրվելուց 60 օր հետո։

Չորրորդ՝ «Դրամաշնորհների մասին» օրենքը, նույնպես ընդունվել է 2025 թվականի ապրիլին՝ արագացված կարգով։ Նոր օրենքի համաձայն՝ Վրաստանում այլևս չեն կարող տրամադրվել օտարերկրյա դրամաշնորհներ առանց կառավարության հաստատման։ Այժմ վրացական ՀԿ-ին աջակցել ցանկացող ցանկացած հիմնադրամ կամ կազմակերպություն նախ պետք է ստանա իշխանությունների պաշտոնական թույլտվությունը։ Սա նշանակում է, որ բոլոր դոնորները պարտավոր են նախապես ստանալ կառավարության՝ ըստ էության՝ «Վրացական երազանք» կուսակցության, համաձայնությունը։

Քաղաքագետ Գիորգի Բադրիձեի խոսքով՝ այս բոլոր օրենքները նպատակ ունեն տեղեկատվության և քաղաքացիական հասարակության նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատել։

«Այս օրենքներն իշխանությունների և անձամբ Իվանիշվիլիի ցանկության արտացոլումն են՝ ամբողջությամբ ենթարկեցնել քաղաքացիական հասարակությունը և տեղեկատվական տիրույթը։ Կամ ոչնչացնել դրանք։ Մինչ օրս այս ծրագիրը բավականին “հաջողությամբ” է իրականացվել. անկախ լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից անհետանում են, և նկատվում են ընդդիմության ներկայացուցիչների և ակտիվիստների նկատմամբ ուղղակի բռնաճնշումներ։ Այս վարքագիծը բնորոշ է ավտորիտար ռեժիմին։ Ավելին, Իվանիշվիլին այս մասին խոսել է դեռևս այս օրենքների ընդունումից շատ առաջ, չնայած այդ ժամանակ նրա խոսքերը լուրջ չէին ընդունվում։ Նա հայտարարել է, որ մի պահ ինքը կանցնի ընդդիմություն և կստեղծի «նոր քաղաքացիական հասարակություն»։ Այսպես ի հայտ եկավ «Քաղաքացի» կազմակերպությունը, որը որոշ ժամանակ նույնիսկ անվանվեց նրա անձնական քաղաքացիական նախագիծ։ Ավելի ուշ նա որոշեց ստեղծել իր սեփական ընդդիմությունը, նմանօրինակ կերպով, ինչպես գործում է Վլադիմիր Պուտինը. նախ ոչնչացնել իրական ընդդիմությունը և անկախ լրատվամիջոցները, ապա նշանակել «հարմար» պատգամավորներ իբր ընդդիմադիր կուսակցություններից։ Մենք տեսնում ենք ռուսական մոդելի ուղղակի պատճենումը», — պնդում է Բադրիձեն։

Օրենքները, որոնց դեմ են դուրս գալիս ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը, ընդունվում և կիրարվում են, սակայն այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» առաջին օրենքն այդպես էլ մինչև վերջ չկիրառվեց։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝